Հայաստանյան ընտանիքներում տարածված բնույթ է կրում երեխաների նկատմամբ բռնությունը: Այս մասին նշել է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը` ծրագրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Վանաձորի Գրին-Հաուս հյուրանոցային համալիրում օրերս տեղի է ունեցել «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը` նվիրված երեխաների պաշտպանությանը: Ծրագրի մասնակիցները Հայաստանի 6 մարզերի ու մայրաքաղաքի ավագ վերապատրաստողներն ու մարզային համակարգողներն էին:

Ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանի խոսքով, սա կանխարգելիչ միջոցառումների ծրագիր է, քանի որ իրենց կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանիքներում տարածված բնույթ է կրում երեխաների նկատմամբ բռնությունը: Դրա հիմնական պատճառը ծնողների կողմից երեխաներին դաստիարակելու այլ տարբերակ  չիմանալն է:

Ըստ ծրագրի ղեկավարի, կարելի է պատիժների ու բռնության տարբեր ձեւերի փոխարեն, դիմել այլընտրանքային միջոցների: Այսպիսի ուսումնական ծրագրեր անցկացնելուց հետո, «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի ավագ դաստիարակներն ուսումնավարժանքներ կանցկացնեն հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մարզերի հոգաբարձուների եւ խնամակալության խորհուրդների հետ: Հոգեբանական ու ֆիզիակական բռնությունը, ծրագրի անդամների խոսքով, գրեթե բոլոր հայ ընտանիքներում տարածված ու սովորական դարձած երեւույթ է, քանի որ բացատրական աշխատանքների ու երեխաների վրա հոգեբանական ներգործության մասին հայ ընտանիքներում շատ քչերը գիտեն, մինչդեռ անգամ երեխայի վրա ձայն բարձրացնելը բռնության յուրովի մի տեսակ է:

Ծրագրի անդամների հաջորդ քայլը մարզերում երեխաների դաստիարակությամբ զբաղվող անձանց հետ համապատասխան աշխատանքների կազմակերպումն է: