Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դատն ավարտելուց հետո Հանրային խորհրդի անդամ Սիմոն Կամսարականը դատի է տալու նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրային խորհրդի Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի անդամ, Հիմնարար Գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը՝ հավելելով, որ նիստ է հրավիրելու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդից հեռացնելու հարցը քննարկելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 18-ին Սիմոն Կամսարականը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցադիմումով՝ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու համար։ Նա Նալբանդյանին մեղադրել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Սփյուռքի հայության՝ Թուրքիայի (նաեւ շահագրգիռ այլ երկրների ու միջազգային կառույցների) օգտին ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգության, ինչպես եւ ՀՀ, ԼՂՀ ու Սփյուռքի հայության կյանքի նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծելուն նպաստող հանցագործ քայլերի համար։

Կամսարականը նաեւ հայտարարել է, թե նախաստորագրված եւ ստորագրված արձանագրությունների տեքստերն իրար չեն համապատասխանում, հայերեն տեքստը չի համապատասխանում անգլերենին, ինչը դիլետանտիզմի արդյունք չի կարելի համարել, եւ միտումնավոր է արված: