Մանվել Ազրոյանի դատավճիռը կբողոքարկվի Հայաստանի վճռաբեկ դատարանում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փաստաբան Էդմոնդ Մարուքյանը:Փաստաբանի խոսքով` ներկայումս նա նախապատրաստում է բողոքարկումը եւ մտադիր է այն ներկայացնել շաբաթվա ընթացքում: 

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին  ԼՂՀ շարքային զինծառայող Մանվել Ազրոյանը կենցաղային հողի վրա կատարված պատահարի արդյունքում կրակել է ծառայակիցներին, Լեւոն Եսայանը (1991թ. ծնված),  Ներսես Գալոյանը(1990 թ. ծնված), Նարեկ Սահակյանը  (1990 թ. ծնված)  եւ Նվեր Սարգսյանը մահացել են: Սարգիս Մելքումյանը  (1991թ. ծնված),  Խաչիկ Ալեքսանյանը (1992 թ. ծնված),  Մասիս Գրիգորյանը (1991թ. ծնված),  եւ ինքը` Մանվել Ազրոյանը, տարբեր աստիճանի ծանրության հրազենային վնասվածքներ են ստացել:

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանը  Մ. Ազրոյանին դատապարտել է ցմահ բանտարկության` ծառայակիցներից  չորս հոգու սպանելու, երեքին` վնասվածք հասցնելու համար: Լսելով դատարանի որոշումը` մեղադրյալը սեղանից վերցրել էր հանքային ջրի  շիշը եւ նետել դատը նախագահող դատավոր Համլետ Դավթյանի վրա: Ազրոյանի անկարգ պահվածքը անմիջապես դադարեցվել է  Շուշիի մեկուսարանի աշխատակիցների կողմից, փաստաբանը եւս անմասն չէր մնացել:

Մեղադրյալի եւ նրա փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Հայաստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր ԼՂՀ համապատասխան մարմիններին: Այնտեղ, իրենց հերթին, Ազրոյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ էին հարուցել` ԼՂՀ ՔՕ 347 հոդվածի 3-րդ մասի համաձայն:, որը նախատեսում է պատասխանատվության ենթարկել արդարության իրականացման կամ լրացուցիչ հետաքննության ընթացքում բռնի գործողություններ կատարելու համար:Բողոքարկիչ դատարանը անփոփոխ  է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: