Իրավիճակը Հայաստանումորեւէ կերպ չի կարելի անվանել նախահեղափոխական: Այդ մասին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:
«Այո, կա բնակչության դժգոհություն, ինչպես ցանկացած հետխորհրդային երկրում: Այսինքն, այդ հանրապետությունների համար նման իրավիճակը կարելի է նորմալ համարել: Հայաստանում ռեալ հեղափոխական վիճակի մասին խոսք լինել չի կարող: Դա ընդդիմադիր ուժերի սովորական հռետորաբանությունն է, որ նրանք օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Ցավոք, հետխորհրդային երկրներում ընդդիմությունը խաղադրույքը դնում է ոչ թե ընտրություններով իշխանության գալու, այլ հեղափոխությունների վրա»,- ասել է Մարկովը` նկատելով, որ մեղավոր է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ օբյեկտիվ իրականությունը:
Քաղաքագետի գնահատականով, կան տարբեր քաղաքական ռեժիմներ, որոնք ոչ բարձր հնարավորություններ են ստեղծում ընդդիմադիր քաղաքական կյանքի համար. «Ցավոք, նման իրավիճակն առողջ չես անվանի: Բայց ընդհանուր առմամբ հեղափոխական իրավիճակի մասին հնարավոր չի խոսել: Անգամ աղքատ Բուլղարիայում, որ սարսափելի վիճակի է հասել կառավարող կոալիցիայի կողմից, Ուկրաինայում, որտեղ ազատազրկված է նախկին վարչապետը, նման իրավիճակի մասին խոսել չի կարելի: Առավել եւս Հայաստանում: Այնտեղ իրավիճակը կայուն է»:
Ըստ ռուսաստանցու, ընդդիմությունը հակված է ուռճացնել իր ազդեցությունը: «Բնակչությունը հիացած չէ իշխանություններից, սակայն մտադիր չէ տապալել նրանց: Իսկ Հայաստանի ընդդիմության չի հաջողվում ստանալ ժողովրդի գործուն զանգվածային աջակցությունը: Մարդիկ հեղափոխություններ չեն սիրում»,- նշել է քաղաքագետը:




























