Վաղը հրապարակվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի ժամը 10:30-ին:

Հիշեցնենք, «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։

Բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Չարչյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պետական պարգևների, շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է: