Տեխասի նահանգում գտնվող ԱՄՆ ամենամեծ ռազմաբազաներից մեկում՝ Ֆորտ-Հուդում, նոյեմբերի 5-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 12 մարդ զոհվել եւ 31-ը վիրավորվել են։
Կրակոցները, ինչպես հայտնում է BBC-ն, սկսվել են հինգշաբթի՝ կեսօրից հետո, երբ զինվորականի հագուստով երեք անհայտ անձիք ատրճանակներից եւ դիպուկահար հրացաններից կրակ են բացել զինվորների ուղղությամբ։ Ներկայումս պարզված է հանցագործներից մեկի ինքնությունը, ով ավելի ուշ փոխհրաձգության արդյունքում ծանր վիրավորվել էր . դա ԱՄՆ բանակի 39-ամյա սպա, մայոր Մալիկ Նադալ Հասանն է։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Զինված ուժերին, նրա վիճակն այժմ կայուն է գնահատվում։ Ավելի վաղ հայտնվում էր, որ մայորը փոխհրաձգության ժամանակ զոհվել է։
Սպայի՝ իր գործընկերների վրա կրակ բացելու դրդապատճառները դեռեւս պարզված չեն, հայտնի է միայն, որ նա մոտ ժամանակներս պետք է մեկներ Իրաք։ Associated Press-ի տվյալներով, կրակոցների ժամանակ բազայում 52 հազար զինվորական է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել բազայի անձնակազմի բաժանմունքում, ուր տեղի էր ունենում ԱՄՆ բանակի զինվորների նախապատրաստական կուրսի ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Ավելի ուշ, կրակ է բացվել նաեւ բազայի բժշկական մասնաշենքի ուղղությամբ։
Դեպքի առնչությամբ այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. նա կատարվածը որակել է իբրեւ «բռնության սարսափելի բռնկում» եւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։ Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ նա հայտնել է, որ կատարվածի մասին արդեն խոսել է Պենտագոնի ղեկավար լ Ռոբերտ Գեյթսի եւ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի ղեկավարների կոմիտեի նախագահ ծովակալ Մայքլ Մալլենի հետ, հայտնում է «Вести»-ն։ Զոհվածների հարազատներին ցավակցել են նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը։
ԱՄՆ ցամաքային ուժերի Ֆորտ-Հուդ բազան մոտ 100 կմ հեռավորության վրա է Հյուսիսային Օստին քաղաքից, Հյուստոնից հյուսիս-արեւմուտք։ Այդ բազան ամենամեծն է ԱՄՆ-ում։ Այստեղ տեղակայված են հետեւակի, զրահատեխնիկայի եւ թիկունքային պաշտպանության ստորաբաժանումները. այստեղ հոգեբանական վեականգնողական փուլեր են անցնում նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում եղածները։




























