Երեւանի «Մեգամոլ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր, 166 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը հասցված ծանր վնաս- խմբ.)։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փետրվարի 5-ին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ ներկա պահին ոչ ոք ձերբակալված չէ։
«Հանցագործություն կատարած անձի մասին կա որոշակի տեղեկություն։ Նախաձեռնվում են նրա հայտնաբերման միջոցառումներ։ Հիվանդանոց հասցված քաղաքացին տուժող է ճանաչվել»,- նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ դանակահարությունը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին առեւտրի կենտրոնի «Ֆուդ կորտի» տարածքում։ Տուժածը դանակի մի քանի հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերում։ Նրան օգնության են շտապել առեւտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները, հետո նրանք օգնել են ժամանած բժիշկների խմբին վիրավորին հասցնել շտապօգնության մեքենայի մոտ։ Տղամարդը առեւտրի կենտրոնում էր կնոջ եւ երեխայի հետ, երբ նրան է մոտեցել անհայտ անձն ու չորս հարված հասցնելով՝ դիմել փախուստի։





























