Հայաստանում ձեւավորվել է սահմանադրական շարժում։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա ընթերցել է նախաձեռնության հայտարարությունը, որում, մասնավորապես, նշվել է.

«Հայաստանում ձեռնարկվում է սահմանադրական հեղաշրջում կատարելու փորձ։ Այս մասին հայտարարել են թե՛ կառավարող վարչակարգի ղեկավարը, թե՛ նրա խամաճիկները։ Սահմանադրության փոփոխության կեղծ թեզիսի ներքո փորձ է արվում վերացնել հայոց անկախ պետականությունը՝ այն վերածելով Ադրբեջանից եւ Թուրքիայից կախման մեջ գտնվող կիսապետական կազմավորման։ Նպատակը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի փաստացի վերացումն է, որում սահմանված են ազգային նպատակները, այդ թվում հզոր ազգային պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։

Ներկայիս վարչակարգի ներկայացուցիչները խոստովանել են, որ նրանք այս ամենն անում են Բաքվի եւ Անկարայի հարկադրմամբ։ Ավելին, նրանք սպառնում են հայ ժողովրդին նոր պատերազմով՝ այդ պահանջներին ենթարկվելուց հրաժարվելու դեպքում։ Նրանք, ժողովրդին շանտաժի ենթարկելով, ձգտում են հաստատել այնպիսի հակասահմանադրական կարգ, որը վերջ կդնի հայոց անկախ պետականության գոյությանը։ Ձեռնարկվում է հայ ժողովրդին պատմական իրավունքներից եւ մշակութային ժառանգությունից զրկելու, նրա հիշողությունը ջնջելու, իր երկրում որպես լիարժեք քաղաքացի ապրելու արժանապատվությունից եւ իրավունքից զրկելու փորձ։

Հայ ժողովրդին առաջարկում են ընտրություն կատարել պատերազմի եւ անպատվության միջեւ։ Անպատվությունն ընտրողը ստանում է թե՛ պատերազմ, թե՛ պարտություն, թե՛ անպատվություն։

Մենք մշտապես պայքարել ենք ազգային նպատակների իրականացման համար, եւ մինչ այժմ մեր գործողությունները կոշտ դիմադրության են հանդիպել կառավարող վարչակարգի կողմից։ Բայց դա միայն կրկնապատկում է պայքարի վճռականությունը։ Մենք կշարունակենք պայքարել ներկա վարչակարգի հակազգային գործունեության դեմ։ Մենք հիրավի ազգային բոլոր ուժերին եւ քաղաքացիներին, մեր հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր չեղողներին կոչ ենք անում վճռականորեն միանալ պայքարին, ձեւավորել ազգային պաշտպանության միասնական ճակատ եւ թույլ չտալ հայոց անկախ պետականության լուծարումը մեր երդվյալ թշնամիների կողմից»։

Չալաբյանը ավելացրել է, որ հայտարարությանը կարող են միանալ այլ կազմակերպություններ եւ քաղաքացիներ։