Չի բացառվում, որ Հայաստանի եւ Վրաստանի սահմանին տեղի ունեցած միջադեպերն ապագայում եւս կրկնվեն: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է վրացի կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ ի վերջո «առողջ բանականությունը կհաղթի եւ կողմերը համաձայանության կհանգեն»:

Զաքարեիշվիլիի խոսքերով, նախօրեին տեղի ունեցած միջադեպը, ամենայն հավանականությամբ, իրականություն է: «Ես ծանոթացել եմ հայ-վարցական սահմանին տեղի ունեցած միջադեպի լուրերին: Ինչպես երեւում է՝ կողմերի միջեւ իսկապես հակամարտություն է եղել, սակայն իմ տեղեկություններով՝ այս պահին միջադեպը հարթվել է»,- հայտարարել է Զաքարեիշվիլին՝ չբացառելով դրանց կրկնության հավանականությունը. «Չի բացառվում, որ նման միջադեպերը կարող են կրկնվել սահմանի այդ կամ այլ հատվածներում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայ-վրացական սահմանին հերթական միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 4-ին: «Հայք» թերթի տվյալներով, սահմանապահների միջեւ լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ հայկական կողմը փորձել էր սահմանային սյուներ տեղադրել ու հանդիպել էր վրացական կողմի դիմադրությանը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվի Բաղրամյանը հայտնել էր գործակալությանը, թե միջադեպը տեխնիկական բնույթ կրել, եւ նման միջադեպերը հաճախ են լինում սահմանագծման գործընթացի ժամանակ: