Հայոց պատմության դասագրքի հարցը միայն ներհայաստանյան խնդիր չէ, միայն ԿԳՄՍ նախարարությանը չի վերաբերում, ինքը չէ, որ կարող է որոշել, այն վերաբերում է նաև Սփյուռքին, քանի որ Սփյուռքի մեջ մենք հայ ենք մեծացել «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» դասագրքերով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանը։

Նա կոչով դիմեց Սփյուռքի կառույցներին, նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին. «Իմ կոչը Արամ Առաջինին՝ ինքն այստեղ ասելիք ունի։ Մենք սփյուռքի մեջ հայ ենք մեծացել նայելով այստեղի ժողովրդին, այստեղի մտավորականներին։ Այս դասագրքերով այդ մտավորականությունը չի պատրաստվի:

Սփյուռքը եթե հայ է մնացել, մնացել է, որովհետեւ միշտ այստեղից Սփյուռք գնացել են մտավորականներ, հասարակական մարդիկ, մշակույթի գործիչներ,մ որոնք մեզ  հայ են պահել: Այս դասագրքով նման մարդ չի պատրաստվի, այս դասագրքով կպատրաստվի երկիր ու հող հանձնող «էլիտա», որին բացի էլիտայից ամեն ինչ կարելի է կոչել»,- ասաց   Սևակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։