ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օրենսդիրներն օրինագիծ են ներկայացրել, որով նահանգի մինչև 16 տարեկան բնակիչներին կարգելվի գրանցվել սոցիալական որևէ ցանցում։ Այս մասին հայտնում է Tech Xplore պորտալը՝ հղում անելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալներին:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ այն կոչված է պաշտպանելու երեխաների հոգեկան առողջությունը համացանցային կախվածությունից և այլ վտանգներից, այդ թվում՝ առցանց ահաբեկումից, ոտնձգություններից և ինքնասպանության գնալու հակումից։ Օրինագիծը հավանության է արժանացել նահանգի Սենատի կողմից և վերադարձվել Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատ, որտեղ ստացել է ճնշող աջակցություն՝ 107 կողմ և միայն 7 դեմ ձայներ:
Բանաձեւն այժմ պետք է հաստատի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը: Երկրի ղեկավարը նախկինում աջակցություն է հայտնել նման նախաձեռնություններին, բայց նաև նշել է, որ ծնողները պետք է պահպանեն իրենց երեխաների առցանց հարթակներից օգտվելու իրավունքը։
Եթե այս կարգավորումներն ընդունվեն, սոցիալական մեդիա ընկերությունները ստիպված կլինեն արգելափակել Ֆլորիդայի դեռահասների գոյություն ունեցող օգտահաշիվները և արգելել նրանց ստեղծել նորերը մինչև 16 տարին լրանալը:





























