ԱՄՆ զինված ուժերը կիրակի  հայտարարել են, որ Հայիթիից ԱՄՆ դեսպանատան ոչ հիմնական անձնակազմին օդով տեղափոխելու գործողություն են իրականացրել և ուժեր են ավելացրել դեսպանատան անվտանգությունը մեծացնելու համար, քանի որ երկրում արտակարգ դրություն է մտցվել:

Անցյալ կիրակի Հայիթիում արտակարգ դրություն մտցվեց՝ մարտական գործողությունների սրացումից հետո, իսկ վարչապետ Արիել Հենրին Նայրոբիում ձգտում էր համաձայնության գալ ՄԱԿ-ի աջակցությամբ երկար ձգձգվող առաքելության վերաբերյալ:

Քենիան անցյալ տարի հայտարարել էր, որ կգլխավորի ուժերը, սակայն մի քանի ամիս տևած ներքին իրավական վեճերը փաստորեն կանգնեցրին առաքելությունը:

Շաբաթ օրը ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ Հայիթիի ճգնաժամի մասին։ Երկու կողմերն ընդգծել են իրենց հանձնառությունը «կարգուկանոնը վերականգնելու համար անվտանգության բազմազգ առաքելությանը»:

Հիշեցնենք, որ Հայիթիի ավազակախմբերը հարձակվել էին բանտի վրա և ազատել հազարավոր բանտարկյալների: Սրանից հետո փորձեր էին արվել գրավել մայրաքաղաքի օդանավակայանն ու նախագահական պալատը։

Հայիթիի ավազակախմբերի առաջնորդ Ջիմի Շերիզյեն՝ «Բարբեքյու» մականունով, հայտարարում է, որ այս կերպ ինքը ձգտում է հեռացնել երկրի վարչապետին։