Իսլամական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Սուդանում զինադադար չի լինի, եթե Արագ արձագանքման ուժերը (ԱԱՈՒ) չլքեն խաղաղ բնակչության տներն ու հաստատությունները, կիրակի օրը հայտարարել է Սուդանի զինված ուժերի բարձրաստիճան գեներալ Յասեր ալ-Աթան, տեղեկացնում է Reuters-ը:  

Այս հայտարարությունը հետևել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ռամադանի ընթացքում զինադադարի մասին կոչին, որը սկսվում է այս շաբաթ: ԱԱՈՒ-ն հայտարարել է, որ ողջունում է հրադադարի կոչը:

Աթայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է  բանակի պաշտոնական տելեգրամյան ալիքում, հիշատակվում են Սուդանի մայրաքաղաքի Օմդուրման մասում  բանակի վերջին ռազմական հաջողությունները:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռամադանի ընթացքում հրադադար չի կարող լինել, քանի դեռ ԱԱՈՒ-ն չի կատարել անցյալ տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ միջնորդությամբ Ջիդդայում կայացած բանակցությունների ժամանակ ստանձնած պարտավորությունը, այն է՝ զորքերը դուրս բերել  քաղաքացիական բնակչության տներից և հասարակական հաստատություններից:

Նշվում է նաև, որ ԱԱՈՒ-ի առաջնորդ Մոհամեդ Համդան Դագալոն չպետք է որևէ դեր խաղա ապագա քաղաքական կյանքում կամ Սուդանի զինված ուժերում։

Սուդանի բանակի և ԱԱՈՒ-ի միջև պատերազմը բռնկվել է 2023 թվականի ապրիլի կեսերին քաղաքացիական կառավարման անցնելու ծրագրի շուրջ լարվածության ֆոնին: Երկու խմբավորումներն էլ պետական հեղաշրջում են կազմակերպել 2021 թվականին, ինչը ձախողեց նախորդ անցումային շրջափուլը  2019 թվականին երկրի նախկին առաջնորդ Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո:

Բանակը հակամարտության մեծ մասի ընթացքում ռազմական առումով ստվերում էր գտնվում: Սուդանի զինված ուժերը մարտական գործողությունների առաջին օրերին մայրաքաղաքում մեծ տարածքներ գրավեցին։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ մոտ 25 միլիոն մարդ՝ Սուդանի բնակչության կեսը, օգնության կարիք ունի, մոտ 8 միլիոնը լքել են իրենց տները, իսկ սովը աճում է:

Սուդանի արտաքին գործերի նախարարությունը, որն աջակցում է զինված ուժերին, հայտարարել է, որ հրադադարի ցանկացած կոչի հաջողության համար ԱԱՈՒ-ն  պետք է զորքերը դուրս բերի այնպիսի շրջաններից, ինչպիսիք են Գեզիրա և Սեննար նահանգները, ինչպես նաևԴարֆուրի՝ ԱԱՈՒ-ի պատվարի, մի քանի քաղաքներից: