ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերընտրման արշավի թիմը կիրակի հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում հավաքել է 10 միլիոն դոլար՝ նախագահի Կոնգրեսին ուղղված ամենամյա դիմումից հետո, որում նա իր մրցակցին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, մեղադրել է ժողովրդավարությանը սպառնալու և ԱՄՆ ներգաղթի հարցը լուծելու օրինագիծը տապալելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Հինգշաբթի օրն իր 68 րոպեանոց ելույթում Բայդենը մեղադրել է Թրամփին նաև 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մասին ճշմարտությունը թաքցնելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ խոնարհվելու մեջ:

Դրամահավաքը հատկանշական է նրանով, որ Բայդենի և նրա դեմոկրատ դաշնակիցների քարոզարշավը ամբողջ հունվար ամսվա ընթացքում հավաքել է ավելի քան 42 միլիոն դոլար:

Ըստ Nielsen ratings-ի գնահատականի, «Երկրի դրության մասին» Բայդենի ելույթը դիտել է 32,2 միլիոն մարդ, ինչը 18 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատ:

Սպիտակ տան գլխավոր տեղի համար պայքարում Թրամփը մի փոքր առաջ է Բայդենից, ցույց է տվել Reuters/Ipsos-ի փետրվարյան հարցումը. ԱՄՆ նախկին նախագահին աջակցում է հարցվածների 37%-ը, իսկ Բայդենին՝ 34%-ը։