2023թ. ծախսերը կազմել են 111 մլրդ 165 մլն դրամ, ծախսերի մասով կատարողականը կազմել է 90 տոկոս։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում մարտի 12-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը՝ ներկայացնելով Երեւան քաղաքի 2023թ. բյուջեի կատարողականը։
Նա նշել է, որ ծախսերի բաժինը կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում կազմել է ավելի քան 35 տոկոս, տրանսպորտի ոլորտում՝ 27,9, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում՝ 12,2 տոկոս։
Արեւշատյանն ավելացրել է, որ 2023թ. Երեւանի բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 114 մլրդ 830 մլն դրամ նախատեսված 112 մլրդ 862 մլն դրամի փոխարեն, եկամտային մասի կատարողականը կազմել է 101,3 տոկոս։ «Սեփական եկամուտների չափը 14,69 մլրդ-ով ավելին է եղել, քան 2022թ.»,- նշել է պաշտոնյան։
Նա հավաստիացրել է, որ կանաչապատման ավելի շատ աշխատանքներ են իրականացվել, քան նախատեսված էր։





























