Ռուսաստանն այսօր հայտարարում է՝ մենք չենք պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, բայց ես գիտեմ, որ Ռուսաստանը նաեւ ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ՀՀ սահմանները իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել. Այդ դեպքում ո՞վ է ասել, որ առաջին հայտարարությունն իրացվելու է: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարաբերությունների ռեպուտացիան ամենակարեւոր բանն է: Հայ ժողովուրդը իր դաժան պատմության ընթացքում մի անգամ առերեսվել է այդ իրավիճակի հետ դարասկզբին: Ինչ են եղել դրա հետեւանքները, բոլորս գիտենք: Կարմիր գծի հետ կապված իրադրությունը մեզ համար կարմիր դագնապի լույս է, որ այստեղ ինչ-որ մի բան էն չի: Ես գնացել եմ այդ հարցի հետեւից, փորձել ենք հասկանալ՝ լավ, ես ե՞մ պրոբլեմը, ի՞նչն ենք սխալ անում: Հարցի պատասխանը դա է, որ եթե մի հայտարարություն այդ մակարդակով կարող է մնալ անհետեւանք, ուրեմն ցանկացած հայտարարություն կարող է մնալ անհետեւանք: Եթե մի հայտարարություն կարող է իրականության մեջ դրսեւորվել ուղիղ հակառակ իմաստով այդ ֆորմատով, ուրեմն այդ ֆորմատով ասվածը կարող է նույնպես հակառակ իմաստով դրսեւորվել»,-ասաց Փաշինյանը:




























