Հայաստանում անհրաժեշտ է սահմանել պետական տուրք ավիացիոն ոլորտի մի շարք սպասարկումների համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 13-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ներկայում մատուցում է մի շարք սպասարկումներ, որոնց համար ոչ պետական տուրք է գանձվում, ոչ վճար։ «Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում նման սպասարկումները տրամադրվում են վճարովի»,- ասել է Սիմոնյանը։

Այսպիսով, կառավարությունն առաջարկում է սահմանել պետական տուրք սպասարկումների 13 խմբերի համար։ Վճարի չափը, համաձայն այս նախաձեռնության, հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով; Ընդ որում՝ փաստացի աշխատանքային ժամանակի հաշվառմամբ, որը ներկա պահին ծախսվել է ցուցաբերվող սպասարկման վրա, ինչպես նաեւ օգտագործվող ռեսուրսների, սպասարկման բնույթի եւ միջազգային պրակտիկայում վճարների համեմատության հաշվառմամբ»,- ընդգծել է փոխնախարարը։

Կանխատեսումների համաձայն՝ նշված տուրքերի սահմանման դեպքում պետբյուջե մուտքերը կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։