Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի գնած զենքի ընդհանուր ծավալի միայն 10 տոկոսը, թեեւ ավելի վաղ այդ թիվը կազմում էր ավելի քան 50 տոկոս։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, այդ թվում անվտանգության հարցում։
Նա կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է իր կարգավիճակը որպես անվտանգության միակ երաշխավորի նաեւ Հարավային Կովկասում, ՌԴ աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում նվազում է։
«Ռուսաստանն առաջարկելու բան չունի անվտանգության հարցում ոչ Ադրբեջանին, որը զավթել է Ղարաբաղը, ոչ Հայաստանին, որը կորցրել է Ղարաբաղը։ Դրա արդյունքում՝ Հայաստանն այժմ փնտրում է անվտանգություն հետխորհրդային տարածքի սահմաններից դուրս»,- նշել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լիովին օգտվեց այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում եւ լուծեց ղարաբաղյան հարցը՝ էթնիկ զտում իրականացնելով Արցախում, ընդ որում՝ պահելով խաղաղապահների ներկայությունն Արցախում։
«Վրաստանում պատերազմի սկսվելով Ռուսաստանը ցույց տվեց, որ պատրաստ է վերանայել նախկին խորհրդային սահմանները։ Երկրորդ փուլն սկսվեց Ղրիմի անեքսիայով։ Ռուսաստանի հարեւանները զգում են, որ իրենց տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում»,- նշել է փորձագետը։




























