Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 9-ին, այցելել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Սերմաքեշին է հանձնվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, իսկ հասարակական գործիչ Արդեն Շելեֆյանին` «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Նույն օրը Բակո Սահակյանը Ժնեւի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր հանրապետության արտաքին քաղաքականությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները:
Բակո Սահակյանն անդրադարձել է նաեւ ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը հանդիսանում է ղարաբաղյան պետականության ամենակարեւոր հիմքերից մեկը: Այս համատեքստում նա կարեւորել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը` շեշտելով դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:




























