Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանը։

Նա նշեց, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, ինչը փաստվել է  դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հարցին՝ մտադիր չէ՞ բարձրացնել այն անձանց պատասխանատվության հարցը, որոնք իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են հարուցել, Բախշիյանը պատասխանեց. «Ես դեռեւս քաղաքացիական դատավարության կարով անցնում եմ ռեաբիլիտացիայի փուլը,  ժամանակը ցույց կտա, ամեն ինչ կընկնի իր տեղը»:

«Ես, ի սկզբանե, իմ նկատմամբ ապօրինի  իրականացվող քրեական հետապնդումների ժամանակ ասել եմ ու պնդում եմ՝ արել եմ այն, ինչ օրենքն է պահանջում, օրենքով եմ արել, եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ»,- ասաց Բախշիյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել էր անազատության մեջ: 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռով  ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը։  Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել այդ դատավճիռը։