Ապրիլի 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծեցին Հայաստանի տարածքը, գնդակոծվում էին ինչպես ՀՀ ԶՈւ դիրքերը, այնպես էլ բնակավայրերը։ ՀՀ ՊՆ ապրիլի 6-ի տեղեկության համաձայն՝ գնդակոծվում էին Սոթք (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ), Կութ (Գեղարքունիքի մարզ), Արավուս (Սյունիքի մարզ), Չինարի (Տավուշի մարզ) գյուղերը, հայկական դիրքերը, որոնք գտնվում էին Մովսես գյուղի տեղմասում (Տավուշի մարզ)։ ՊՆ գնահատականով՝ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների մեծ մասը գիշերվա ընթացքում անթիրախ ու անկանոն էր՝ սադրիչ նպատակ ունենալով հասնել պատասխան գործողությունների Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կողմից՝ փաստեր ստանալու համար, որոնք «կհաստատեին» վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը։
Ադրբեջանական գիշերային արկածախնդրության հետեւանքները դարձան բազմաթիվ բնակելի տների վնասվածքները Մովսես գյուղում։ NEWS.am-ի թղթակիցները եղել են գյուղում եւ ծանոթացել իրավիճակին։
«Ժամը երկուսին մոտ պայթյուն լսեցինք։ Դուրս եկա բակ եւ ցախատան տանիքին անցք գտա»,- պատմում է գյուղի բնակիչ Ալբերտ Այվազյանը։
Ադրբեջանական «անակնկալը» (ռազմական գործին ծանոթ գյուղացիները դժվարանում են ասել, թե որ զենքի մասին է խոսքը) ծակել էր տանիքը, վնասել գերանը, արկղերը։ «Բարեբախտություն էր, որ հրդեհ չէր սկսվել։ Կվառվեին թե՛ ցախատունը, թե՛ հարեւան տունը։ Փորձից գիտենք, որ ադրբեջանցիները նման դեպքերում շարունակում են գնդակոծումը՝ թույլ չտալով հրշեջներին մարել հրդեհը»,- պատմում է Ալբերտ Այվազյանը՝ ցույց տալով ծակված աղյուսի կտորներն ու խփված արկղերը։
Կյանքը վտանգող սպառնալիքի տակ ապրելը Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերում տխուր «նորմ» է դարձել։ «Զբաղվում եմ խաղողագործությամբ, իմ այգին Այգեպար գյուղի մոտ է, հակառակորդի աչքի առաջ։ Մեկի հետ մի անգամ գնացել էինք աշխատելու այգում, հոգնեցինք, նստեցինք։ Ընկերս ծխեց։ Այդ վայրկյանին ադրբեջանցի դիպուկահարի փամփուշտը խփեց սիգարետին։ Մենք, իհարկե, նույն պահին դադարեցրինք աշխատանքը, չէ՞ որ դա նախազգուշացում էր՝ հաջորդ փամփուշտը խոցելու է։ Նրանք այդպես խանգարում են մեզ աշխատել»,- ասում է Ալբերտ Այվազյանը։ Գյուղացին խաղաղություն է ուզում, ցանկանում է հարեւանների հետ խաղաղ ապրել, միայն թե Ադրբեջանի իշխանությունների անկեղծությանը չի հավատում։ «Խաղաղությո՞ւն։ Չէ, չեմ կարծում։ Ասացվածք կա, չէ՞՝ շան հետ ընկերություն արա, բայց մահակը ձեռքիցդ բաց մի թող...»։
Ապրիլի 6-ի գիշերը հակառակորդը վնասել է Ապերյանների ընտանիքի ավտոտնակի դարպասը: «Ապրիլի 6-ի գիշերը մոտավորապես ժամը մեկին պայթյունի ձայն լսեցինք։ Վերցրի լապտերը և նայեցի բակը։ Դարպասը վնասված էր: Մինչև առավոտ ընդհատումներով կրակել են»,- պատմում է Արա Ապերյանը։
Առաջին դեպքը չէ, երբ Ապերյանների ընտանիքի տունը վնասվում է: Ադրբեջանական դիրքերը հենց նրանց տան դիմաց են, բակին հետևում ու գնդակոծում են։ 90-ականներին տունը ավերվել է տանկի կրակոցից։ Հետագայում պատերին 5-6 հարված է հասցվել հրազենից։
«Կրակում են ուղիղ տան վրա, ու եթե տան անդամներից մեկնումեկը բակում է, կարող են սպանել կամ վիրավորել։ Այս անգամ կրակոցները եղել են թիրախային, ինչի մասին է վկայում այն, որ վնասվել են բնակելի տներ»,- հաստատում են գյուղացիները։
Ապերյանների ընտանիքը նույնպես այնքան էլ չի հավատում Ադրբեջանի խաղաղ նկրտումներին։ «Հնարավո՞ր է խաղաղ ապրել։ Շատ դժվար է, ինչպե՞ս հաշտ ապրել ագրեսորի հետ»,- հարցին հարցով է պատասխանում Ապերյանը:
Այնուհանդերձ, նրանք հեռանալու միտք չունեն. «Հայրական տունս լքե՞մ: Հայրս է կառուցել, քանդվելուց հետո ես վերակառուցել եմ։ Իսկ ո՞ւր գնալ: Ամբողջ աշխարհն էս վիճակում է։ Ինչ էլ լինի, ես չեմ լքելու գյուղը, իմ հայրենիքը. Եվ իմ համագյուղացիները նույնն են մտածում. Ոչ ոք չի գնացել, ոչ ոք գնալու միտք էլ չունի»։
Կրակոցների տակ են հայտնվել ոչ միայն բնակելի տները, այլև գյուղի գերեզմանոցը։ Լրջորեն վնասվել է երկու տապանաքար, որոնցից մեկը՝ 44-օրյա պատերազմում զոհված Հրանտ Պապյանի տապանաքարն է։ Բնակելի տների վնասը գյուղապետարանը գնահատում է առնվազն 50 հազար, գերեզմանաքարերին՝ 500 հազար դրամ։
Գյուղապետ Արմեն Փոլադյանի տվյալներով՝ կրակոցները սկսվել են ապրիլի 5-ի 23:00-ի սահմաններում և ընդհատումներով շարունակվել մինչև ապրիլի 6-ի առավոտ։ Կրակել են տարբեր տրամաչափի զենքերից, որոնց թվում՝ խոշոր տրամաչափի։
Գյուղի բնակիչներից ստացված նախնական տվյալներով՝ վնասվել է 6 տուն և 2 գերեզմանաքար։ Բայց այդ թիվը կարող է աճել, քանի որ ոչ բոլոր բնակիչներն են գյուղում, պարզաբանել է Փոլադյանը
«Կրակոցները եղել են նպատակային, կրակել են հենց գյուղի, բնակելի տների վրա։ Ընդ որում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից»,- ընդգծել է համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ գրեթե ամբողջ գյուղը հակառակորդի տեսադաշտում է՝ գյուղի կենտրոնից մինչև ադրբեջանական դիրքեր մոտ 2 կմ է, իսկ ծայրամասի տներից՝ ընդամենը մի քանի հարյուր մետր։ Հարձակման տակ է նաև դպրոցը, որտեղ սովորում է 125 երեխա։ Այս անգամ դպրոցը չի տուժել, բայց մի քանի տարի առաջ տուժել էր։
Գյուղի գյուղատնտեսական տարածքների մի մասը 90-ականների պատերազմից ի վեր ադրբեջանական վերահսկողության տակ է, իսկ հողերի զգալի մասը դժվար է օգտագործել հակառակորդի գնդակոծության պատճառով։ «Եթե կրակոցները դադարեցնեն, տարածքը կավելանա մոտ 200 հեկտարով»,- պարզաբանել է գյուղապետը։
Փոլադյանը վստահ է, որ ադրբեջանցիները փորձում են վախեցնել սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչների՞ն: Ինչ-որ չափով, այո, և առավել եւս մեզ հրահրելով փորձում են սադրել, մղել պատասխան գործողությունների:
«Առաջին պատերազմում գյուղը կորցրել է մոտ երեք տասնյակ պաշտպան։ Բայց նույնիսկ այն ժամանակ մեր գյուղի բնակչությունը ոչ թե պակասեց, այլ ավելացավ՝ գյուղ վերադարձած հայրենասերների շնորհիվ, որոնք թեև նախկինում գնացել էին, ոմանք Երևան, ոմանք արտասահման, պատերազմի ժամանակ վերադարձան ու պաշտպանեցին իրենց փոքրիկ հայրենիքը։ Առաջին պատերազմի ժամանակ ոչ ոք գյուղը չլքեց անվտանգության նկատառումներով կամ հատկապես վախից։ Գնացողները պատերազմից հետո գնացին, սովի պատճառով։ Իսկ կրակոցների պատճառով ոչ ոք չի գնացել»,- ընդգծում է Արմեն Փոլադյանը։
Արդյո՞ք մարդիկ այժմ ցանկանում են հեռանալ անվտանգության նկատառումներից ելնելով: «Ոչ, փորձը ժողովրդին ուժեղացրել է։ Մենք տեսել ենք կրակոցներ և ավելի վատ պատերազմներ։ Առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները տանկերով հարձակվել են գյուղի վրա, ուստի մովսեսցիներին անհնար է վախեցնել»,- հավելում է համայնքի ղեկավարը։
Նախորդ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո գյուղում բնակություն է հաստատել արցախցի 9 ընտանիք։ «45 հոգի. տարբեր տարիքի երեխաներ կան։ Ամենալուրջ խնդիրը մնում է բնակարանաշինությունը: Առայժմ նրանց տրամադրել ենք գյուղացիների դատարկ տները, բայց դա ժամանակավոր լուծում է։ Սեփականատերերը կարող են վերադառնալ գյուղ, և մարդիկ ստիպված կլինեն նոր տներ փնտրել։ Քանի դեռ բնակարանային հարցը չի լուծվել, մնացած ծրագրերը օդում կախված են»,- ասում է Փոլադյանը։
Գյուղն ունի մանկապարտեզ, որտեղ հաճախում է 27 երեխա: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2011 թվականին արտերկրում բնակվող համագյուղացի Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ և միջոցներով։
«Հիմա գյուղում մեծամասամբ տարեցներ են։ Երիտասարդները հեռանում են, բայց պատճառը ոչ թե կրակոցներն են, այլ աշխատատեղերի բացակայությունը։ Խորհրդային շրջանի համեմատ գյուղի բնակչությունը կիսով չափ կրճատվել է, իսկ երեխաների թիվը՝ մոտ 10 անգամ։ Բայց իրավիճակը կարելի է և պետք է շտկել։ Գյուղին աշխատանք է պետք, հետո երիտասարդությունը կվերադառնա, ծնելիությունը կաճի։ Դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր հատկապես հիմա գնացել են Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Նման իրավիճակ է սահմանամերձ շատ գյուղերում»,- մտահոգված Մովսեսի վարչական ղեկավարըը։
«Տնտեսության հիմքը արտադրությունն է։ Մեր դեպքում մարդկանց գրավելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսությանն ու անասնաբուծության զարգացմանը զուգահեռ գյուղերում փոքր ձեռնարկություններ ստեղծել։ Հովանավորների օգնությամբ այստեղ սածիլների ծրագիր իրականացրինք։ Այժմ Մովսեսը այնքան ապրանք չի արտադրում, որ կարողանա շուկա մատակարարել, սնունդը հազիվ է բավարարում սեփական կարիքները, նույնիսկ ներկրման կարիք է զգացվում։ Չի հերիքում, որովհետև մշակվող տարածքը փոքր է, գյուղացիների մեծ մասն էլ թոշակառու է։ Եթե խաղաղություն լինի, հնարավոր կլինի մշակել այն տարածքները, որոնք հիմա հրետակոծության պատճառով անհնար է օգտագործել։ Իրավիճակը կփոխվի, բայց դա ավելի շոշափելի կլինի, եթե երիտասարդներին գրավելու պայմաններ ստեղծվեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է գյուղերում փոքր արդյունաբերություն հիմնել։ Օրինակ՝ Մովսես գյուղում կարելի է կարի արտադրություն բացել ու, ասենք, զինվորների համար սպիտակեղեն արտադրել։ Դա ձեռնտու է թե՛ բանակին, թե՛ գյուղացիներին։ Ես ձեռներեցներին հորդորում եմ դիտարկել այս առաջարկը»,- եզրափակում է Արմեն Փոլադյանը։
P.S. Բացի սահմանային անվտանգության ընդհանուր խնդիրներից, Բերդի (Շամշադին) տարածաշրջանն ակնհայտորեն ճանապարհների խնդիր ունի։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, տարածաշրջանի համար հսկայական խնդիրներ կառաջանան։ Նման ծրագիրը հղի է առանձնահատուկ հետեւանքներով Բերդի տարածաշրջանի համար, որի ճանապարհը կհայտնվի ադրբեջանցիների ձեռքում։
Այլընտրանքային ճասնապարհի, այսպես կոչված, «սարի ճամփի» վիճակը պարզելու համար NEWS.am-ի թղթակիցները Բերդ են գնացել դրանով։ Ու խորհուրդ չեն տալիս կրկնել այդ փորձը, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Ճանապարհի մոտ մեկ երրորդը ասֆալտապատ է, մյուս երրորդի վրա ասֆալտապատման նախապատրաստական հետքեր կան, մնացածը գրեթե իր սկզբնական տեսքով է։ Ելնելով վերը նշվածից՝ ճանապարհին գրեթե տրանսպորտ չկա, բացառությամբ տեղի անտառտնտեսության աշխատողների, չկան ռեստորաններ կամ հյուրանոցներ, և հաշվի առնելով, որ շատ վայրերում նույնիսկ բջջային կապ չկա, ճանապարհին ցանկացած վթարային իրավիճակ հղի է վառ տպավորություններով:
Տեքստը՝ Մարիամ Լևինայի
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի





























