Աբորտների դեմ հանդես եկող հազարավոր ցուցարարներ կիրակի օրը քայլերթ են անցկացրել Վարշավայում՝ բողոքելով նոր կառավարության վերջին քայլերի դեմ, որոնք ուղղված են մեծամասամբ կաթոլիկ երկրներում խիստ օրենքների ազատականացմանը  և թույլատրում են մինչև 12-րդ շաբաթը ընդհատել հղիությունը, հաղորդում է AP-ն:

Քաղաքի կենտրոնում երթի մասնակիցներից շատերը մանկասայլակներով են եղել, իսկ մյուսները կրել են սպիտակ և կարմիր ազգային դրոշներ կամ արգանդում պտղի նկարով պաստառներ:

Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին կիրակի կեսօրին աղոթքի կոչ է արել «ի պաշտպանություն բեղմնավորված կյանքի» և աջակցել աբորտների դեմ շարժման կազմակերպած երթին։

Լեհաստանի խորհրդարանը, որում գերակշռում է լիբերալ, եվրոպամետ տրամադրված իշխող կոալիցիան, անցած շաբաթ քվեարկությամբ  հավանություն է տվել աբորտների գրեթե ամբողջական արգելքը վերացնելու հարցով հետագա մանրամասն աշխատանքին:

Ակնկալվում է, որ ընթացակարգը, որը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ, ի վերջո կմերժվի երկրի նախագահ Անջեյ Դուդայի կողմից, որի պաշտոնավարման ժամկետը կշարունակվի ևս մեկ տարի:

Ներկայումս հղիության արհեստական ​​ընդհատումը թույլատրվում է միայն բռնաբարության կամ արյունապղծման դեպքում, կամ եթե կնոջ կյանքը կամ առողջությունը վտանգված է: Առողջապահության նախարարության տվյալներով, 2022 թվականին Լեհաստանի հիվանդանոցներում կատարվել է 161 աբորտ։ Այնուամենայնիվ, հղիության արհեստական ​​ընդհատման ջատագովները հաշվարկել են, որ Լեհաստանում տարեկան շուրջ 120,000 կին աբորտ է անում՝ հիմնականում դեղահաբեր ձեռք բերելով արտասահմանից:

Կանայք, որոնք փորձում են ինքնուրույն աբորտ անել, չեն պատժվում, բայց յուրաքանչյուրին, ով օգնում է նրանց, կարող է մինչև երեք տարվա ազատազրկում սպառնալ։