Մենք Հայաստան ենք կորցնում, մարդիկ մտածում են, որ մենք մենակ մեր տների մասին ենք մտածում: Ասում են փոխհատուցում կտան տների համար, մենք թուրքերին վաճառելու հող ու տուն չունենք, մեր տունը անգին ա, ոչ մեկ չի կարա գնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ասաց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ակցիա իրականացնողներից մեկը:

«Մենք ծնվել ու ապրել ենք ստեղ, որ արյունով գծած հողերը պաշտպանենք: Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք, մենք ապրել ենք, որ մեր տղերքի  արածը պաշտպանենք:  Մեր գյուղի ոչ մի երիտասարդ դուրս չի եկել, սաղ էլ ստեղ ապրել են, իրանց քրտինքով տուն ստեղծել: Ստեղ ապրելը հեշտ չի, մենք էլ կարանք ուրիշ տեղ ապրենք, բայց չենք ուզում, ուզում ենք մեր հողում ու ջրում ապրենք»,-ասաց Կիրանցի բնակիչը:

Կիրանցի մեկ այլ բնակչի խոսքով էլ կամրջից 100 մետր վերև զոհված զինծայողներից մեկի լուսանկարն է տեղադրված, որը զոհվել է, վստահ լինելով, որ իր մայրիկին ու քրոջը գյուղացիները կպաշտպանեն:

«Եթե թուրքին բերեն մտցեն էստեղ, մենք ո՞նց պիտի պաշտպանենք էդ մարդկանց, մենք ո՞նց պիտի ամեն անցնելուց էդ  նկարին նայենք:Մենք քաղաքական ոչ մի ուղղվածություն չունենք, մենք գյուղի մարդիկ ենք, ովքեր պաշտպանում են իրանց հողը: Ես նյութերի տակ մեկնաբանություն գրողներին դեմքով չեմ ճանաչում, բայց դուք բոլորդ էլ իմ դեմքը տենում եք»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ նշելով, որ ակցիայի մասին նյութերի տակ մարդիկ մեկնաբանություններում իրենց մեղադրում են ակցիան քաղաքականացնելու մեջ: