NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Շահին Աբասովի հոդվածը` հրապարակված EurasiaNet-ում:

Ադրբեջանը կարող է պարծենալ մեկ միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեով եւ ռազմական բարեփոխումների ձգտումով, բայց ոչ մարտական միջադեպերում զինվորների մահերը բարձրացնում են հարցեր:

Նոյեմբերի 1-ին, ղարաբաղյան ճակատի մոտ գտնվող Բարդայի ռազմակայանում մահացավ 19-ամյա շարքային Ազեր Աբասզադեն: Մահվան պաշտոնական պատճառը թոքաբորբն է: Աբասզադեի մահվանը նախորդել էին հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Գյանջայում թոքաբորբի պատճառով մահացած 18-ամյա Ռուսլան Քերիմովի եւ «հիվանդությունից» մահացած 19-ամյա Ռաուլ Աղաեւի միջադեպերը: Դիտորդները մասնավոր կարգով նշում են, որ պաշտոնական ձեւակերպումներին ոչ ոք չի հավատում, իսկ ողբերգությունների պատճառները կարող են այլ լինել, մասնավորապես, բռնությունը:

Պաշտպանության նախարարությունն առանձնապես չի էլ ցանկանում քննարկել ոչ մարտական մահերը: Նախարարության ներկայացուցիչ Էլդար Սաբիրօղլուն EurasiaNet.org-ին հայտնեց, որ հետաքննությունը շարունակվում է: Նոյեմբերի 10-ին զինդատախազությունը հայտնեց, որ ՊՆ-ում աշխատող չորս սպաներ երեք զինվորների մահերի հետ կապված  հեռացվել են աշխատանքից, եւս չորսի պաշտոնը իջեցվել է, իսկ 11 սպաներ նկատողություն են ստացել: Դատախազները չեն հայտնում պատժված սպաների անունները:

Մի քանի ադրբեջանական իրավապաշտպան խմբերի կոալիցիան հետեւում է ոչ մարտական մահերին եւ նշում է տագնապահարույց միտում: Պաշտպանության նախարարության չհրապարակած տեղեկատվության հիման վրա, բանակում մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողության դիտարկման խումբը 2011-ին գրանցել է 76 մահ եւ 91 վնասվածք ոչ մարտական միջադեպերում: 2010-ին այդ թվերը համապատասխանաբար 62 եւ 71 էին: Աճի պատճառները հայտնի չեն:

«Քաղաքացիական հասարակությունը չի կարող չանդրադառնալ այդ հիմնախնդիրներին»,– մեկնաբանում է խմբի հիմնադիրներից Արզու Աբդուլաեւը, որը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական ազգային կոմիտեի ղեկավարն է:

Քաղաքական գործիչները զգուշավոր են այդ խնդիրների լուծման վերաբերյալ: Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Զահիդ Օրուջը մահերի կապակցությամբ հայտնել է անհանգստություն, սակայն նշել է, որ «այդպիսի դեպքեր տեղի են ունենում բոլոր բանակներում»:

Առնվազն մեկ ռազմական վերլուծաբանի կարծիքով, ոչ մարտական մահերի ալիքը հարցեր է առաջացնում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Թեեւ 2007-ին Բաքուն հայտարարում էր, որ անցել է ՆԱՏՕ-ի ստանդարտների, սակայն այդ պնդումը տրամաբանական չէ, ասում է ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրին» ոչ կառավարական կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին:

«Բռնությունները բանակում բնորոշ էին խորհրդային բանակին, սակայն բնորոշ չեն ՆԱՏՕ-ի բանակներին», - նշում է փորձագետը:

Պաշտպանության նախարարության չհրապարակված տեղեկատվության հիման վրա, Սումերինլին նշում է, որ 2007-2010 թվականներին բանակում բռնության եւ ինքնասպանության հետեւանքով մահերի թիվն ավելացել է (68 սպանություն, 35 ինքնասպանություն) համեմատած նախորդ քառամյակի հետ (2003–2006-ին` 33 սպանություն, 23 ինքնասպանություն): Դա նշանակում է, որ իրավիճակը փոխելու ուղղությամբ ոչ մի իրական քայլ չի կատարվել:

Պահեստի սպաների հասարակական միավորման ղեկավար, պահեստի գնդապետ Յաշար Ջաֆարլին ավելացնում է, որ հրադադարից հետո ադրբեջանական բանակում գրանցված 3500 մահերից 15-20 տոկոսը կապ ունի մարտական միջադեպերի հետ:

Ջաֆարլին քննադատում է այդ խախտումների նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության բացակայությունը:

«Քաղացիական հասարակության ակտիվիստներն ու մարդու իրավունքների պաշտպանները մուտք չունեն զինված ուժեր, եւ դա հիմնախնդիրներ է ստեղծում»,– ասում է Ջաֆարլին:

Նրա խոսքով, նույնիսկ, ճակատային գծում տեղակայված զորքերում կարգապահությունն ավելի բարձր չէ:

Խնդիրը բարդացնում է կոռուպցիան: Սպաները զինվորներից եւ ծնողներից կաշառք են պահանջում արձակուրդի, ծառայության լավ վայրի եւ այլ հարմարությունների համար: Չվճարողները կարող են ենթարկվել ֆիզիկական բռնության եւ հետապնդման այլ ձեւերի:

Կառավորությունն ընդունում է ոչ մարտական մահերի հիմնախնդրի առկայությունը, սակայն չի ողջունում հասարակության ձգտումը մասնակցել քննարկումներին: 2011-ին բանակում հարուցվել է կոռուպցիայի հետ կապված 58 քրեական գործ: