Այսօր Բեռլինում տոնական միջոցառումներ են կազմակերպվում, որով նշվում է բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցը: Միջոցառումներին մասնակցելու համար այստեղ են ժամանել աշխարհի առաջատար երկրների ներկա եւ նախկին բազմաթիվ ղեկավարներ: Բեռլինի պատը, որը խորհրդանշում էր «սառը պատերազմը», քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ շաբաթներ շարունակված ժողովրդական ցույցերի արդյունքում։

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցկացվելիք միջոցառումներին կմասնակցեն Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը։ Նրանք առանցքային դերակատարություն են ունեցել Գերմանիայի վերամիավորման գործում։

Տոնակատարություններին ակնկալվում է նաեւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը։