Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավնություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին՝ 2 մլն եվրո արժողությամբ եւ 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին:
Դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից:
Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
Մուտքի և ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռողությամբ: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորումով եւ այլն:
Առաջնահերթություն է ՀՀ Սյունիքի մարզում այսպիսի կենտրոնի ստեղծումը, քանի որ մարզում թեև գործում են թվով երկու ժամանակավոր պահպանության պահեստներ, սակայն դրանք չունեն բավարար թե՛ տարածքային, թե՛ շենքային պայմաններ:
Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության ծավալներին, ապա նշենք, որ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով:
Հարկ է նշել, որ Ծրագրի համաձայնագրերով վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, որն ուղղվելու է ԱԱՀ գծով պարտավորությունների վճարմանը: Համաֆինանսավորումը կկազմի 2.4 մլն եվրո, որից` 2.0 մլն եվրոն վարկային միջոցների գծով, իսկ 0.4 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:





























