Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը չեղյալ է համարել իր այցելությունը Ստամբուլ, որտեղ պետք է տեղի ունենա «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսության եւ առեւտրի հարցերով մշտական հանձնաժողովի 25-րդ նիստը: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, Սուդանի նախագահը, որը կասկածվում է Սուդանի Դարֆուրի շրջանում զինվորական հանցագործություններ կատարելու մեջ, իր այդ որոշումը բացատրել է խիտ աշխատանքային գրաֆիկով, որտեղ տեղ չի գտնվել նշված նիստին մասնակցելու համար:

Միաժամանակ, նշվում է, որ Ալ-Բաշիրի Ստամբուլ այցելությունից հրաժարվելու պատճառն այն է, որ նա մտավախություն ունի, թե այդ այցի ընթացքում իրեն կարող են ձերբակալել: Թուրք դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել բարձրաձայնել իր անունը, նշել է, որ Եվրամիությունը խնդրել է Թուրքիային կամ չընդունել Սուդանի նախագահին, որը Հաագայի միջազգային դատարանի կողմից հետախուզման մեջ է, կամ` ձերբակալել նրան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵՄ-ն բողոքի նոտա էր հղել Թուրքիային՝ կապված Սուդանի նախագահի Թուրքիա հնարավոր այցելության հետ: «Թուրքիան, որը ձգտում է ԵՄ անդամության, պետք է ենթարկվի միջազգային դատարանի որոշմանը, որը ձերբակալման որոշում է կայացրել Օմար Ալ-Բաշիրի նկատմամբ»:

Մեկնաբանելով ԵՄ բողոքը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր տարակուսանքն է հայտնել, որ ԵՄ-ն խառնվում է այդ հարցերին, քանի որ, ըստ նրա, Ալ-Բաշիրը պետք է Թուրքիա այցելի բացառապես «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության շրջանակներում: «Դա երկկողմանի այցելություն չէ, եւ դա է տարբերությունը»,- ասել է նա: