Քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի, սպանության պատվիրատուն կարող էր լինել գործարար Շաբտայ Կալմանովիչը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուներին, այսօր հետաքննությունը քննարկում է հենց այդ վարկածը: Այդ տեսակետից Կալմանովիչի սպանությունը, որ վերջերս է տեղի ունեցել, դիտարկվում է որպես քրեական աշխարհի վրեժ ՝ իրենց առաջնորդի սպանության համար:
Չնայած նրան, որ Կալմանովիչը չէր պատկանում քրեական աշխարհին, նա ստիպված էր Իվանկովի հետ կիսել իր ազդեցությունը շոու-բիզնեսում: Կալմանովիչը ցանկանում էր ազատվել գումարով, եւ իր սպանության օրը դրա համար 1,5 միլիոն դոլար էր տանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իվանկովը հուղարկավորվել էր հոկտեմբերի 13-ին՝ Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Նա վերջին 15 տարիներին Մոսկվայում սպանված ամենազդեցիկ քրեական հեղինակությունն էր: Իվանկովը մահացել էր հոկտեմբերի 7-ին մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում: Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ Յապոնչիկի մահվան պատճառը որովայնին ստացած հրազենային վնասվածքն էր եւ դրանից հետո զարգացած պերիտոնիտը: Հուլիսի 28-ին Իվանկովին «Տայսկի սլոն» ռեստորանից դուրս գալիս գնդակահարել էր դիպուկահարը: Իվանկովի սպանությունը քննությունը կապում է Մոսկվայի քրեական շրջանակների հակամարտության հետ: Վարկածներից մեկով՝ արտերկրում մշտական բնակվող Իվանկովը մահափորձից մի քանի օր առաջ ժամանել էր Ռուսաստան՝ հարթելու Տարիել Օնիանիի եւ Ասլան Ուսոյանի խմբավորումների ընդհարումը, եւ գրավել էր Ուսոյանի կողմը: Կա մի այլ վարկած էլ, համաձայն որի՝ քրեական հեղինակության սպանությունը ձեռնտու էր շինարարական բիզնեսի որոշ ներկայացուցիչների: Յապոնչիկի սպանության անմիջական կատարողը հայտնաբերվել էր քրեական աշխարհի կողմից եւ սպանվել:




























