Մայիսի 27-ին Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն վերացնելու ընթացակարգը։ Այս մասին ասվում է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։
Մասնավորապես, այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, նախատեսված է խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստ։ Առաջին հարցը, որը պետք է քննարկի հանձնաժողովը, նախագահի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի վետոն է։ Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի վերացմանը, հարցը կներկայացվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստին։
Նախագահի վետոն վերացնելու համար անհրաժեշտ է միապալատ խորհրդարանի 150 պատգամավորներից առնվազն 76-ի համաձայնությունը։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի 84 մանդատ։ Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Եթե Զուրաբիշվիլին կրկին հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, այն կստորագրի ու կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Եվրամիությունից կոշտ հայտարարություններ է առաջացրել՝համայնքին երկրի ինտեգրումը կասեցնելու սպառնալիքի մասին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե այնտեղ ժողովրդավարությունը խաթարվի։




























