Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մայր Աթոռից:

Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։