Տասնյակ ֆրանսիացի զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Նոր Կալեդոնիան, հայտնել է Euronews-ը։ Մարդիկ ասում են, որ իրենց լքված են զգում, մինչդեռ տեղական իշխանությունները հավատացնում են, որ ամեն բան անում են՝ կղզում հանգստություն պահպանելու համար:
Նոր Կալեդոնիայում մայիսի կեսին բողոքի ցույցեր էին սկսվել՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընտրական օրենսդրության փոփոխությունների քննարկման առնչությամբ:
Երկու շաբաթվա ընթացքում կղզում յոթ մարդ է զոհվել, ներառյալ՝ երկու ժանդարմ։
Փարիզը ստիպված է եղել արտակարգ դրություն մտցնել և կարգուկանոնը հաստատելու համար լրացուցիչ ուժեր ուղարկել։ Ավելի ուշ արտակարգ դրությունը հանվեց, սակայն պարետային ժամը դեռ գործում է։
Տեղական իշխանություններն ուրբաթ հայտարարեցին, որ Նումեա օդանավակայանը մինչև հունիսի 3-ի առավոտը փակ կլինի առևտրային թռիչքների համար։
Ֆրանսիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները վերջին մի քանի օրվա ընթացքում կղզուց տարհանել են ավելի քան 1600 ֆրանսիացի և այլ երկրների զբոսաշրջիկների։
Ըստ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ իրավիճակը Նոր Կալեդոնիայում շարունակում է լարված մնալ։





























