Այսօր Ադրբեջանում նշվում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ստեղծման տարեդարձը: 1992թ. նոյեմբերի 21-ին «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը հիմնադրեց կուսակցությունը եւ կոռուպցիայի համար 1982-ին բոլոր պաշտոններից հեռացված Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղարը սկսեց վերադարձնել իշխանությունը:

«Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստեղծվել է թատերական ներկայացման դասական սցենարով. ադրբեջանական «մտավորականության» մոտ հարյուր ներկայացուցիչներ մեկնեցին Նախիջեւան` Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիեւին խնդրելու փրկել երկիրը: Խորհրդային Ադրբեջանի վերջին տարիների իշխանություններին ամեն կերպ վարկաբեկելու (նույնիսկ, 1990թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերին նրա դրածոների մասնակցության միջոցով) եւ իշխանության վերադառնալու ձգտող Ալիեւը սիրով համաձայնեց:

Վերադառնալով իշխանության 1993թ. ամռանը` Հեյդար Ալիեւը սկսեց կառուցել ավտորիտար պետության իշխանական ուղղահայց եւ ամրացնել իշխող կուսակցության ղեկավար դերը: Քանի որ նախկին կոմունիստ Հեյդար Ալիեւը քայլում էր ժամանակին համընթաց` նա բարեհաջող դարձավ բարեպաշտ մուսուլման եւ աջ կենտրոնամետ գաղափարախոսության կրող: Այդ գաղափարախոսությունը շատ հարմար էր նավթի վաճառքից ստացված եկամուտները յուրացնելու համար:

Այժմ «Նոր Ադրբեջան» կուսակցությանն անդամակցում են մի քանի հարյուր հազար մարդ: Առանց կուսակցական տոմսի պաշտոնի առաջխաղացում հնարավոր չէ: Ադրբեջանի իշխող կուսակցությունը վերցրել է 1970-80-ականների ԽՄԿԿ վատագույն դրսեւորումները: Ստացվում է, որ ժամանակակից «ժողովրդավարությունն» Ադրբեջանում կառուցում են գլխավոր գաղափարախոսի` երկու նախագահների աշխատակազմի անփոփոխ ղեկավար, 73-ամյա Ռամիզ Մեհտիեւի ուղղորդմամբ: Մեհտիեւն Ադրբեջանի պետհամալսարանի գիտական կոմունիզմի ամբիոնի նախկին դասախոս է, իսկ այժմ քարոզում է շուկայական հարաբերություններ:   

Ադրբեջանի իշխող կուսակցության գործունեության անկյունաքարերից մեկն էլ հակահայկական քարոզչությունն ու հիստերիան է: «Նոր Ադրբեջան» կուսակցության պաշտոնյաների եւ վերահսկվող լրատվամիջոցների համար սովորական են «Երեւանն Արեւմտյան Ադրբեջանի մայրաքաղաքն է», «ադրբեջանցիներն են Հայաստանի ներկա տարածաքի իրական բնիկները» արտահայտությունները:

Այդ աբսուրդի պատճառը եւս հասկանալի է. «Նոր Ադրբեջան» կուսակցությունը չունի իրական գաղափարախոսական միջուկ: Եթե մի կողմ դրվի հակահայկական քարոզչութունը, «հայ օկուպանտներից եւ թշնամիներից» ազատվելու համար բանակի վրա հսկայական միջոցներ ծախսելու արդարացումը, ապա դժվար կլինի բացատրել աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակը:

Նման պայմաններում Ադրբեջանի իշխող կուսակցությունը նշում է իր 19-ամյակը: