Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Բելառուսի տարաշքով Ռուսաստան շքեղ ապրանքներ, ներառյալ՝ ավտոմեքենաների առաքման արգելափակմանն առնչվող Եվրամիության մտադրություններին:
Դրա մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
Politico-ի երեք զրուցակիցների համոզմամբ՝ ԵՄ երկրների ծրագրերի նկատմամբ Բեռլինի և Փարիզի հակազդեցությունը ստիպել է մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը և Բելառուսի դեմ նմանատիպ միջոցառումները տարանջատելու մասին, որպեսզի հասցնեն համաձայնագիր կնքել հունիսի 13-15-ը Իտալիայում անցկացվելիք Մեծ Յոթնյակի տարեկան գագաթնաժողովին։
Գերմանական DW պարբերականը գրում է, որ դա ԵՄ-ին հնարավորություն կընձեռի առաջ շարժվել գազային խոշոր պատժամիջոցների հարցում՝ Բելառուսի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների վերացումը հետաձգելով։
«ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել դեռևս Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ՝ պատժելով Մինսկին 2020 թվականի նախագահական կեղծված ընտրությունների համար, երբ բռնակալ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն հաղթող հռչակեց և ճնշեց խաղաղ ցույցերը», - նշել են DW-ի վերլուծաբանները։
Մինչդեռ պատժամիջոցներն Մինսկի դեմ այնքան ծավալուն չեն, որքան Մոսկվայի դեմ։ Սա Ռուսաստանի հետ մաքսային միության շրջանակում հարաբերվող Բելառուսին հնարավորություն է տալիս հանդես գալ որպես Ռուսաստան ներմուծվելիք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների «փոխադրման կետ» ։
2023-ին ԵՄ-ից Բելառուս ավտոմեքենաների ներկրման ծավալը կազմել է 2,6 միլիարդ դոլար (2,4 միլիարդ եվրո), ինչը չորս անգամ ավելի է, քան 2021 թվականին, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանական տնտեսական թիմի (GET) տվյալները, որը տնտեսական վերափոխման հարցերում Գերմանիայի կառավարության անունից խորհրդատվական ծառայությություններ է մատուցում Ուկրաինայի, Մոլդովայի, Կոսովոյի, Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի իշխանություններին (Բելառուսի հետ խորհրդատվությունը ներկայում «սառեցված է») ։
Դիտորդներն ամենամեծ հարաբերական աճն են գրանցել շքեղ մեքենաների ոլորտում։ Բելառուսին բաժին է ընկել ներմուծման ընդհանուր աճի երկու երրորդը՝ 1,4 միլիարդ դոլար (1,3 մլրդ եվրո): Հաշվի առնելով, որ այդ աճը հակասում է Բելառուսի ավտոմոբիլային ներքին շուկայի զարգացմանը, այն «հավանաբար» առնչվում է Ռուսաստան հետագա արտահանմանը։
Գերմանիայի և Ֆրանսիայի անանուն դիվանագետները Politico-ի հետ զրույցում մեկնաբանելով այս իրադարձությունը՝ ընդգծել են, որ իրենց երկրներն աջակցում են պատժամիջոցներից խուսափելու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, սակայն համոզված են, որ անհրաժեշտ է նախ պայքարել ընդդեմ Ռուսաստանին ռազմական ապրանքների մատակարարման։





























