Բեռլինյան պատի փլուզման 20 ամյակին նվիրված տոնակատարությունը, որին մասնակցել են 30 երկրների պետական գործիչներ, տեղի է ունեցել նախօրեին, Գերմանիայի մայրաքաղաքում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ։

Բեռլինյան պատի փլուզումը դարակազմիկ փոփոխություն է դեպի ազատություն եւ ժողովրդավարացում։ Այդ մասին, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, հայտարարել է Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլլերը՝ ավելացնելով, որ դրան հաջորդած իրադարձությունները փոխեցին Եվրոպայի դեմքը։ Ինչպես խոստովանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլինյան պատի փլուզման օրն իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է եղել։ Նրա խոսքով, պատի փլուզմամբ վերջ դրվեց «սառը պատերազմին, եւ դա բոլորիս համար նոյեմբերի 9-ը դարձնում է ուրախալի օր»։

Քյոլլերի խոսքով, «սառը պատերազմ»-ի ավարտով բոլոր հարցերը չլուծվեցին, սակայն պարզ դարձավ, որ Արեւելքի եւ Արեւմուտքի առճակատումը երկրորդական պլան մղեց այնպիսի համամարդկային խնդիրներ, ինչպիսիք էին աղքատությունը, սովը, հետամնացությունը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասել է. «Այդ պատը բաժանում էր ողջ Եվրոպան։ Բեռլինյան պատի փլուզումը բերեց նրան, որ ընտանիքներ միավորվեցին, խորտակվեցին երկաթե վարագույն ու սահմանները»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով գործընկերների հետ շփվում էր տեսակամուրջի օգնությամբ, հայտարարել է, որ «այն երեկոն, երբ հաղթվեց բռնակալությունը, Ամերիկայի համար միշտ առնձնահատուկ տեղ է զբաղեցնելու»։

Տոնակատարության գագաթնակետը դարձել է խորհրդանշական պատի փլուզումը։ Դրա հատվածներից յուրաքանչյուրը մի հայտնի անձ է քանդել։