ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հայտարարել է, որ համաձայնության է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու հարցում, հայտնում է Reuters-ը։ Հարցին, թե երկու երկրների ղեկավարները քննարկե՞լ են այդ հարցը և համաձայնության են եկել, Բայդենը պատասխանել է. «Այո, և կրկին այո»:

«Մեծ յոթնյակի» երկրները և Եվրամիությունը քննարկում են, թե ինչպես օգտագործել Արևմուտքում անշարժացած ռուսաստանյան ակտիվներից ստացված շահույթը  Ուկրաինային ներկա պահին մեծ նախնական վարկ տրամադրելու և Կիևին մինչև 2025 թվականը ապահովելու համար: Աշխարհում սառեցված է Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 260 միլիարդ դրամական միջոցներ, որոնց մեծ մասը ԵՄ-ում է:

Այս միջոցները տարեկան 2,5-ից 3,5 միլիարդ եվրոյի շահույթ են բերում, ինչը, ըստ ԵՄ-ի հայտարարության, պայմանագրային պարտք չէ Ռուսաստանին և հետևաբար, անսպասելի եկամուտ է:

ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարն է օգտագործել այս շահույթը որպես մշտական եկամտի աղբյուր՝ 50 միլիարդ դոլարի հսկայական վարկը սպասարկելու համար, որը կարող է ներգրավվել շուկայում: Ռուսաստանը հայտարարում է, որ իր սառեցված միջոցներից շահույթի ցանկացած կորզում կհամարվի գողություն:

Ռուսաստանյան ակտիվներից շահույթ ստանալը մտահոգություններ է առաջացրել որոշ երկրներում, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյան երեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և G7-ի իր գործընկերները ձգտում են առաջընթաց գրանցել այդ հարցում: