Նոյեմբերի 9-ին երեւանյան «Ռեժինե» հյուրանոցում կայացավ ասուլիս՝ «Փյունիկ» թիմի նախագահ Կարեն Հարությունյանի, թիմի եւ Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ ավագ Սարգիս Հովսեփյանի մասնակցությամբ:
Ակումբի ղեկավարությունը, ինչպես նշեց Կ. Հարությունյանը, գոհ է թիմի ելույթներից եւ անցած մրցաշրջանում ցույց տված արդյունքներից: Այդուհանդերձ նախագահը չի բացառում թիմի կազմի ուժեղացումը նոր մրցաշրջանի եւԵվրալիգայի նախաշեմին: Հարությունյանը կարծում է, որ ժամանակն է հաջող հանդես գալ Եվրագավաթներում, եւ դրա համար անհրաժեշտ են բարձր որակավորմամբ ֆուտբոլիստներ: Դա հատկապես վերաբերում է լեգիոներներին:
Հարությունյանն ընդգծեց, որ ակումբը հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց՝ շնորհիվ թիմի երիտասարդ խաղացողների, ինչը վկայում է, որ ակումբի մանկապատանեկան դպրոցն արդարացնում է իրեն:
Հարկ է նշել, որ թիմի ուժեղացման համատեքստում չի բացառվում, որ թիմը համալրվի մերձմոսկովյան «Խիմկի»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիով, եթե վերջինս այլ համախապատասխան առաջարկներ չստանա: «Խիմկի»-ն հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում՝ չկարողանալով մնալ ուժեղագույնների կազմում: Բնականաբար, Բերեզովսկին ցանկություն ունի փոխել թիմը:



























