Մոլդովայի խորհրդարանն այսօր ընտրելու է երկրի նախագահին: Այդ պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու եւ դա «Հանուն Եվրոպական ինտեգրացիայի» դաշինքի ներկայացուցիչ, Մոլդովայի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն է: Հիշեցնենք, որ այս տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կոմունիստական կուսակցությունը պարտություն կրեց եւ իշխանության եկան ժողովրդավարական ուժերը: Երկրի կոմունիստ նախագահ Վորոնինը հրաժարական տվեց: Ներկայումս ժողովրդավարական ուժերի դաշինքը առաջադրել է իր թեկնածուին, սակայն խնդիրն այն է, որ նրա ընտրության համար նրանց խորհրդարանում չի բավականացնում 6 ձայն: Եթե կոմունիստ պատգամավորներից ոչ ոք չքվեարկի առաջադրված թեկնածու օգտին, ապա նա չի ընտրվի:

Բացի այդ, նշենք, որ երկրի նախագահի ընտրությունները նախատեսված էին հոկտեմբերի 23-ին, սակայն դրանք հետաձգվեցին, որովհետեւ գրանցվել էր ընդամենը մեկ թեկնածու: Այդ փաստը հաշվի առնելով, խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրենսդրության մեջ, որով այսուհետ թույլատրվում է նախագահի ընտրություններն անցկացնել, եթե անգամ առաջադրվել է մեկ թեկնածու: