Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունն ու «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի»-ի նախկին հաղորդավարուհի Ֆարիդա Կուրբանգալեևային (ծայրահեղականների ցուցակում ընդգրկված) հեռակա կարգով ձերբակալելու վճիռ է արձակել ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով։
Ֆարիդա Կուրբանգալեևան մեղադրվում է ահաբեկչության դիմելու հրապարակային կոչերի և ռուսական բանակի գործողությունների մասին կեղծ տեղեկությունների տարածման մեջ (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մաս և 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ): Դատարանի որոշմամբ Կուրբանգալեևան ձերբակալման պահից երկու ամսով կալանավորվել է, հայտնել են Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունից։
Ըստ «Коммерсантъ»-ի՝ Ֆարիդա Կուրբանգալեևան «Ռոսիա-1»-ում աշխատել է մինչև 2014 թվականը։ Լրագրողուհին 2018-ից ապրում և աշխատում է Պրահայում և վարում է իր YouTube ալիքը։ 2024 թվականի հունիսի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը 44-ամյա լրագրողը ներառվել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում։




























