Ամերիկացի երաժիշտները հայտնել են «Գրավիր այս ալբոմը» անվանմամբ սկավառակ ձայնագրելու իրենց մտադրության մասին, որի վաճառքից ստացված միջոցները որպես օգնություն կհատկացվեն «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժմանը:
Ըստ AP-ի, ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Devo եւ Third Eye Blind ամերիկյան խմբերը, Crosby, Stills & Nash խմբի մասնակիցներ Դեւիդ Քրոսբին եւ Գրեմ Նեշը, բրիտանական Ladyron խումբը եւ ուրիշներ: Ակնկալվում է, որ ալբոմի համար կերգի նաեւ լրագրող եւ ռեժիսոր Մայքլ Մուրը:
Առաջարկը Twitter-ի միկրոբլոգային ծառայությունում տեղադրել է @JaySamel օգտվողը: Նա առաջարկը ուղարկել է նաեւ ամերիկացի երգիչ Ռայան Սթարին, Լեդի Գագային եւ ուրիշների:
Հիշեցնենք, «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 17-ին: Մասնակիցները բողոքում են գործազրկությունից, իշխանությունների քաղաքականությունից եւ ֆինանսական կառույցներից` անվանելով նրանց «ֆինանսական ահաբեկիչներ»:
Դրանից հետո նմանատիպ ակցիաներ էին սկսել ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներում, այդ թվում` Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում:


























