«Աշխարհի այլ երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում արձանագրվել է ռեկորդային անկում` 18 տոկոսից ավելի, մինչդեռ աշխարհում միջինը գրանցվել է 1-1,5 տոկոսանոց տնտեսական անկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, թե դրա պատճառն այն է, որ «Հայաստանում ստեղծվել է արատավոր համակարգ, որտեղ մի խումբ մարդիկ զավթել են ողջ տնտեսական ու քաղաքական համակարգը»:

«Մի քանի մարդու տրված են ապօրինի արտոնություններ ու մենաշնորհներ, որոնք նրանք օգտագործում են սեփական շահերը սպասարկելու համար եւ ժողովրդին կեղեքելու գնով սպասարկում են նաեւ քաղաքական շրջանակներին»,- ասաց Լ. Զուրաբյանն ու հավելեց. «Բիզնես էլիտան լրիվ դուրս է մղվել եւ եթե որեւէ տնտեսական շարժ էլ նկատվում է երկրում, դա կապված է մասնավոր տրանսֆերտների հետ, երբ երկրից դուրս մղված մարդիկ փող են ուղարկում իրենց հարազատներին, որը հետագայում տարբեր մեթոդներով կրկին խլվում է հանցագործ քաղաքական վարչախմբի կողմից»: Նրա ներկայացմամբ, հաշվի առնելով, որ այդ մասնավոր տրանսֆերտները 35-40 տոկոսով նվազել են, երկրի տնտեսությունը կանգնած է փլուզման եզրին:

ՀԱԿ համակարգողը նշեց նաեւ, որ հենց տնտեսության մոնոպոլիզացված լինելու եւ մրցակցության պատճառով է, որ գներն աճում են: «Մրցակցային տնտեսության պայմաններում մեզ մոտ գները մի քանի անգամ ցածր կլինեին»,-ասաց նա: