Ադրբեջանի զինված ուժերում հերթական կառուցվածքային փոփոխություններն են կատարվել՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին անցման ծրագրի շրջանակներում, հաղորդում է Milaz ինֆո գործակալությունը՝ վկայակոչելով երկրում նոր տիպի՝ ցամաքային զորքերի ստեղծումը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցամաքային զորքերի կառուցվածքը ստեղծվել է թուրքական ցամաքային բանակի հրամանատար Ըշըղ Քոշեների Ադրբեջան կատարած (նոյեմբերի 2-4) այցի ժամանակ։ Ստեղծման որոշումը կայացվել է արտահերթ կարգով, հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաեւը, որը մինչ նշանակումը Նախիջեւանի ռազմական միավորի հրամանատարն էր:
Միեւնույն ժամանակ «Էխո» թերթը գրում է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաֆարովը հերքել է նոր տիպի զորքերի ստեղծման լուրը. «Ինձ ոչինչ հայտնի չէ ցամաքային զորքերի ստեղծման եւ Քյարամ Մուստաֆաեւի նշանակման մասին»:
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պարբերականի թղթակցի հետ զրույցում հաստատել է նման կառույցի ստեղծման հնարավորությունը, որի խոսքերով Ադրբեջանում ստեղծվելու է ցամաքային զորքերի միացյալ շտաբ. «Այդ շտաբը մեկ կենտրոնից ղեկավարելու է ցամաքային զորքերը, որ գտնվում են Ադրբեջանի ողջ տարածքով»: Ջաֆարովն ընդգծել է, թե համապատասխան որոշումը երկրի իշխանությունների կողմից արդեն ընդունվել է, եւ ներկայումս այն սպասում է երկրի նախագահի կողմից ստորագրման:
Փորձագետը նաեւ հաստատել է Մուստաֆաեւի թեկնածության առաջադրումը ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում. «ցամաքային զորքերը տեւական ժամանակ է, ինչ ստեղծման փուլում են, արդեն կան հաստիքները, բայց գործընթացը միշտ հետաձգվում է: Իսկ թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամանատարի այցից հետո որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով»,- ասել է փորձագետն ու հավելել, թե նախագահը մինչեւ տարեվերջ կհայտարարի զորքերի ստեղծման մասին:




























