Թայվանը պնդում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 20 թռչող սարք մտել է կղզու ՀՕՊ գոտի եւ հատել Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում, որը տեղադրված է X-ում։
«Այսօր, տեղի ժամանակով ժամը 06.00-ին (Մոսկվայի ժամանակով 01.00-ին- ՏԱՍՍ) Թայվանի շրջանում հայտնաբերվել են չինական բանակի 22 թռչող սարք եւ 6 նավ։ 20 թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը եւ մտել ՀՕՊ ճանաչման հյուսիսային, կենտրոնական, հարավարեւմտյան եւ հարավարեւելյան մասեր»,- նշվել է հայտարարությունում։ Թայվանի զինվորականները ի պատասխան օդ են բարձրացրել օդային պարեկներ, ռադիոնախազգուշացումներ տարածել եւ զենիթային հրթիռները բերել պատրաստ վիճակի։
Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտին կղզին ընդունել է միակողմանի։ Այն ընդգրկում է կղզու շուրջ ջրավազանը, Թայվանի նեղուցը, ինչպես նաեւ օդային տարածքի մի մասը մայրցամաքային Չինաստանի երեք նահանգներում՝ Ֆուցզյանում, Ցզյանսիում եւ Չժեցզյանում։
Թայվանը ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից կղզին ունի իր դրոշն ու նախկին Չինաստանի Հանրապետության այլ ատրիբուտներ։ Պաշտոնական Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։





























