Moody’s-ի կողմից Հայաստանի վերաբերյալ գնահատականների բացասական փոփոխությունը ստիպել է տնտեսագետներին անհանգստանալ: Moody’s-ն այն գործակալություններից է, որի գնահատականներին աշխարհը ուշադրությամբ հետեւում է: Ի տարբերություն Fitch-ի` Moody’s-ն աչքի է ընկնում իր պահպանողական վարքագծով, ու որպես կանոն շատ հազվադեպ է փոխում վարկանիշը:

Պատահական չէ, որ երբ 2009 թ. համաշխարհային ճգնաժամը տարերքի մեջ էր, Fitch-ը հերթով նվազեցնում էր երկրների վարկանիշերը, այնինչ Moody’s-ը սպասողական դիրք էր գրավել ու ընդամենը մի քանի փոփոխություն արեց: Սակայն այս տարի Moody’s-ը որոշեց ճշտումներ անել, ու հերթով իջեցնում է վարկանիշերը, կամ դրանց հեռանկարները: Այսպես` ԱՄՆ-ի հեռանկարը դարձավ բացասական, իջեցվեց Ճապոնիայի վարկանիշը, «տուժել են» Իտալիան, Իսպանիան, Հունգարիան, Կիպրոսը եւ այլն: Ավելին` հոկտեմբերի սկզբներին Moody’s-ը սպառնաց Եվրագոտու երկրներին, որ նրանց մեծ մասին սպառնում է վարկանիշի նվազեցում, որից թերեւս կխուսափեն միայն ամենաբարձր` AAA վարկանիշ ունեցողները:

Այս տեսակետից Հայաստանի վարկանիշի վերանայումը չի կարելի պատահական կամ անսպասելի համարել: Հայաստանը Moody’s-ի կողմից առաջին անգամ գնահատվել է 2006 թ.` միանգամից ստանալով Ba2` կայուն հեռանկարով: Այս 5 տարիների ընթացքում այս վարկանիշը փոփոխության չի ենթարկվել, նույնիսկ ճգնաժամային տարիներին: Նոյեմբերի 25-ին Moody’s-ը վերանայեց իր դիրքորոշումը` վարկանիշը թողնելով նույնը` Ba2, սակայն փոխվեց հեռանկարը` դարձնելով բացասական: Իսկ դա նշանակում է, որ վարկանիշը հետագայում կարող է վերանայվել նվազեցման ուղղությամբ:

Moody’s-ի վարկանիշը մատնանշում է տվյալ երկրի` իր պարտքային պարտավորությունները կատարելու կամ վճարունակության միջին մակարդակը: Հետեւաբար` Moody’s-ի գնահատականները որոշակի ազդեցություն են թողնում նոր պարտքեր վերցնելու հնարավորության վրա:

Ba2 վարկանիշը Moody’s-ի սանդղակում դասվում է սպելուլյատիվների կատեգորիային (կա 2 հիմնական կատեգորիա` ներդրումային եւ սպեկուլյատիվ): Այսինքն` Moody’s-ը մեզ երբեք էլ չի դասել «ներդրումայինների» շարքում: ԱՊՀ երկրներից նման «շնորհ» ստացել են միայն Ռուսաստանն ու Ղազախստանը: Գուցե շատերին զարմանալի թվա` Հայաստանի վարկանիշը միշտ էլ բարձր է եղել Ուկրաինայի կամ Վրաստանի վարկանիշերից, սակայն 1 աստիճանով զիջել է Ադրբեջանին, որը սակայն նույնպես սպեկուլյատիվների խմբում է: Հատկանշական է, որ Moody’s-ն առայժմ չի փոխել Ռուսաստանի վարկանիշը, սակայն Հայաստանի գնահատականներում նշել է, թե Ռուսաստանի բացասական զարգացումները մեր երկրի վրա վատ հետեւանքներ կթողնի:

Շատերը Հայաստանում մտավախություն ունեն, թե Moody’s-ի վարկանիշը բացասական հետեւանքներ կթողնի առանց այն էլ ճգնաժամը լիովին չհաղթահարած երկրի վրա: Սակայն դրանք չափազանցված գնահատականներ են: Հայաստանը չի թողարկում արտարժութային ու միջազգային շուկաներում գնանշվող պարտատոմսեր, որոնք շատ զգայուն են Moody’s-ի գնահատականների հանդեպ: Մեր կառավարության պարտատոմսերն իրացվում են բացառապես ներքին շուկայում, որտեղ ներդրողներն առայժմ այնքան էլ հետամուտ չեն Moody’s-ի գնահատականներին եւ շուկայում կողմնորոշվում են այլ չափորոշիչներով: Սակայն Հայաստանի կառավարությունը գուցեեւ խնդիրներ ունենա միջազգային կառույցներից կամ այլ պետություններից վարկեր ներգրավելիս:

Ինչ վերաբերում է մասնավոր ուղղակի ներդրումներին, ապա փորձը ցույց է տալիս, որ Moody’s-ի գնահատականներն այստեղ էական նշանակություն չունեն: Այս պարագայում մասնավոր ներդրողներն ավելի շատ կողմնորոշվում են dooing bussines-ի գնահատականներով: Շատ երկրներ կան, որ Moody’s-ի գծով Հայաստանից ցածր վարկանիշ ունեն, սակայն ավելի շատ օտարերկրյա ներդրումներ են ներգրավում:

Այսպիսով` Moody’s-ի գնահատականը անշուշտ չի կարելի թերագնահատել, սակայն նաեւ չարժե գերագնահատել դրա հետեւանքները:

 

Ալբերտ Խաչատրյան