Վերահսկիչ պալատի կողմից «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները հաստատում են, որ նախկինում ՕԵԿ, ներկայումս ԲՀԿ-ական Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական չարաշահումներ են կատարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Վերահսկիչ պալատից:

Այսպիսով Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունն ավարտել է 13 կետանոց եզրակացությամբ: Այդ կետերից մեկի համաձայն հիմնադրամի 2008,2009,2010թթ.-ի հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել որպես փաստացի ծախս, իսկ տարեսկզբի մնացորդները ծախսվել են գործադիր տնօրենի հայեցողությամբ հիմնադրամի կարիքների համար:

Մշակույթի նախարարությունը հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերը 2009թ.-ին (ոչ փառատոնային տարի) նախատեսել է 2008թ.-ի փառատոնային տարվա համեմատ ավելի շատ (2008թ.-ին նախատեսվել է 12,834.0 հազ. դրամ, 2009թ.-ին` 18,606.3 հազ. դրամ), ինչպես նաեւ չի վերանայվել հաստիքային միավորների թիվը: Կամ 2008թ.-ի «Գիտաճանաչողական ուղեւորություններ» եւ «20 տարի անց» միջոցառումների նախահաշիվներով հիմնադրամի աշխատողներին նախատեսվել է աշխատավարձ եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար գումարով 3,000.0 հազ. դրամ, այն դեպքում, երբ 2008թ.-ի ապարատի պահպանման ծախսերով (12,834.0 հազ. դրամ) արդեն իսկ նախատեսվել է 10,903.7 հազ. դրամի աշխատավարձ եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար:

Երեք միջոցառումների նախահաշիվներով փառատոնի ստեղծագործական խմբի եւ հիմնադրամի աշխատողների համար նախատեսված աշխատավարձի գումարներից հաշվարկվել եւ վճարվել է հավելավճար 6,768.5 հազ. դրամ (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը):

Հիմնադրամի կողմից առանց նվիրատուի գրավոր համաձայնության 2008,2009թթ.-ի նախահաշիվներով չնախատեսված 2,463.7 հազ. դրամի ծախսեր են կատարվել, այդ թվում ձեռք է բերվել 1,603.7 հազ. դրամի հիմնական միջոցներ: 2010թ.-ին ՙԿատարողական արվեստի օրեր՚ ծրագրի միջոցներից հիմնադրամի աշխատակիցներին հաշվարկվել եւ վճարվել է ընդամենը 2,299.8 հազ. դրամ հավելավճար (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը) ու պաշտոնական պարտականություններից բացի` կատարած ավելացված աշխատանքի ծավալի դիմաց աշխատավարձին ավելացվել է ընդամենը 2,502.2 հազ. դրամ (ներառյալ պարտադիր սոցիալական: ապահովագրության վճարը), այն դեպքում, երբ ծրագրի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով հիմնադրամի աշխատակիցներին պայմանագրի հավելված 1-ով (2010թ.-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի պահպանման ծախսեր) արդեն իսկ նախատեսված է եղել աշխատավարձ:

Այս առնչությամբ, NEWS.am-ը փորձեց լսել նաեւ Թամար Պողոսյանին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: