Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը  ինչպես դավաճանեց ոստիկանական համակարգը, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց: Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե  արդյո՞ք  ոստիկանական համակարգից եղել են մարդիկ, որոնք ցուցմունք են տվել իր դեմ:

«Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ: Մարդկանց տեսակն է այդպես: Օսիպյանը նիկոլական էր, զարմանալի էր, որ Նիկոլին էլ դավաճանեց»,-հավելեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է Վալերիյ Օսիպյանը շարունակել աշխատել համակարգում, եթե դավաճանել է համակարգին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.

«Ես միշտ դարձի գալու հնարավորություն եմ տալիս, ոնց որ Տերն է մեզ միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս, այդպես էլ ես եմ իմ ենթականերին հնարավորություն տվել»:

Վլադիմիր Գասպարյնաը նշեց, որ ինքը մեղավոր չէ, և երբեք չի համակերպվի իր մեղավորության հետ:

«Սերժ Սարգսյանն իմ Գերագույն գլխավոր հրամանատարն է. նա երբեք ոչ մի անօրինական ցուցում չի տվել»,-հավելեց նա: