Եթե թիմը հաջողության է ձգտում, ապա պետք է ունենա լավ դարպասապահ եւ գոլ խփող ֆուտբոլիստներ. Փյունիկն այս առաջնությունում շատ պահեր էր ունենում, սակայն չէր կարողանում գնդակ խփել: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում այսօր, նոյեմբերի 25-ին հայտարարեց Հայաստանի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Փյունիկի արդեն նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:
Ամփոփելով առաջնության արդյունքները` Վարդան Մինասյանը նշեց, որ մրցաշրջանի ընթացքում հավասար պայքար էր ծավալվել, սակայն Ուլիսը չեմպիոնի տիտղոսը նվաճեց կայուն ելույթների եւ երկար պահեստային նստարանի շնորհիվ:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Սուրեն Չախալյանի նշանակումից հետո Վարդան Մինասյանը որպես տեխնիկական տնօրեն կհետեւի Փյունիկի դպրոցի աշխատանքներին:
Ազգային հավաքականի առաջիկա ծրագրերի մասին Մինասյանը նշեց, որ փետրվարին կլինի ընկերական հանդիպում, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ, իսկ որպես մրցակից Բելառուսի հավաքականի մասին կարդացել է մամուլում:
Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու դրական կողմի մասին Մինասյանը նշեց, որ այժմ ավելի շատ ժամանակ կունենա արտասահմանում խաղացող հայ ֆուտբոլիստների խաղին հետեւելու համար. կլինեն նոր թեկնածուներ, որոնց խաղը հնարավոր կլինի տեսնել մոտիկից:
Հայաստանի առաջնությունում օտարերկրացի դարպասապահների հանդես գալու արգելքը Մինասյանը դրական է համարում: Նա հայտնեց նաեւ, որ ազգային հավաքականում խաղալու համար այժմ դիտարկվում է նաեւ Իրանում հանդես եղող Գրիգոր Մելիքսեթյանի թեկնածությունը: Նա վերջին հանդիպումներում լավ խաղ է ցուցադրում:



























