2009 թվականի փաստացի բյուջեի համեմատ 2010 թվականին կրթության եւ գիտության բյուջետային հատկացումները կկրճատվեն 12,8%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ 2010-ին իրենց ոլորտին բյուջետային հատկացումները կկազմեն 95 միլիարդ դրամ, այս տարվա 108 մլրդի դիմաց: Ընդհանուր կրճատումը կրթության եւ գիտության ոլորտում լինելու է 13 մլրդ դրամ։

Նշենք սակայն, որ այս համեմատությունը վերաբերում է 2009-ի փաստացի կատարողականին, իսկ եթե 2010-ի հատկացումները համեմատենք 2009 թվականի բյուջեով կրթության ոլորտին նախատեսված հատկացումների հետ, ապա կստացվի, որ կրթության ծախսերը կրճատվել են 24,7 տոկոսով, որը ամենամեծ կրճատումն է:

Նախարարն ասաց, որ կրճատում է եղել հանրակրթության ոլորտում, որի պատճառն այն է, որ 2010 թվականին դպրոց հաճախող աշակերտների թիվը կրճատվելու 19600-ով, ինչը, բավականին պատկառելի թիվ է:

Հատկացվող գումարների էական կրճատումներ են եղել դպրոցաշինության ոլորտում։ Բյուջեի նվազման պատճառով կկրճատվեն նախարարի աշխատակազմի գործուղման եւ անձնակազմի պահպանման ծախսերը։ 0,6 տոկոսով կքչանա բարձրագույն կրթությանը տրամադրվող գումարը։ Աշոտյանի խոսքով, ծախսային հատկացումների նվազում է եղել նախնական մասնագիտական կրթության բնագավառում 3,4 տոկոսով եւ միջին մասնագիտականում՝ 0,8 տոկոսով։

Կրթության ոլորտում հատկացումների պակասեցումը, նախարարի հավաստմամբ, չի ազդի ուսուցիչների աշխատավարձի վրա։

Տարրական դասարանի աշակերտներին կշարունակեն տրամադրել անվճար գրքեր, չորս առարկաների անվճար գրքերով կապահովվեն նաեւ բարձր դասարանի աշակերտները։ Անապահով ընտանիքների երեխաների գրքերի խնդիրները լուծելու համար կհատկացվի 120 մլն դրամ։ Հատկանշական է, որ գիտության ոլորտում ծախսային հատկացումների կրճատում չի եղել։

Հիշեցնենք, որ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով, կրճատումների առումով, կրթությունից հետո երկրորդ տեղում պաշտպանության ոլորտն է (մոտ 20 տոկոսով), ապա առողջապահությունը (17 տոկոսով):