Կարագի անվան տակ սփրեդ վաճառողների տուգանքները չէին կարող շատ մեծ լինել, այսօր` նոյեմբերի 26-ին հայտարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` Աղվերանում մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում:

Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ-ն 10 տնտեսվարողների տուգանեց 3-ական մլն դրամով` սփրեդը կարագի անվան տակ վաճառելու համար:

Սակայն տուգանքի չափը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, շատերն այն կարծիքը հայտնեցին, որ հարկավոր էր ավելի խիստ միջոցների դիմել:

Ըստ Ա. Շաբոյանի` ՏՄՊՊՀ-ն մի քանի տիպի տուգանքներ է կիրառում, որոնք կարգավորվում են օրենքով: Այլ է տուգանքը անբարեխիղճ մրցակցության, այլ` գերիշխող դիրքի չարաշահման դեպքում: Տվյալ դեպքում իրավախախտումը եղել է անբարեխիղճ մրցակցություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված է, որ այդ դեպքերում տուգանքը առաջին դեպքի համար պետք է կազմի ընկերության նախորդ տարվա հասույթի մինչեւ 1 տոկոսը: Սակայն ըստ Ա. Շաբոյանի` տնտեսվարողների համար կարեւոր է ոչ այնքան տուգանքի չափը, որքան իմիջի վնասումը: «Բացի տուգանքից` վնասում ենք իմիջին, որն ավելի շատ է նրանց անհանգստացնում»,- ասաց Ա. Շաբոյանը: