Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 21-ին, հրապարակեց այն ընկերությունների ու խանութների անունները, որոնք կարագի անվան տակ սփրեդ են իրացրել:

Իրավախախտումները կատարվել են 2 ձեւով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են` «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս»: Թեեւ այդ ընկերությունների անուները սպառողներին շատ բան չեն ասում, սակայն ըստ NEWS.am-ի տեղեկությունների` դրանց ետեւում կան բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսպես` «Ֆելիքս-Սարգը» պատկանում է ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, «Արդիսը»` նախարարներից մեկին:

ՏՄՊՊՀ-ն բացահայտել է նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ սուպերմարկետը: Դրանք են`«Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուփ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք»:

Բոլոր այս տնտեսվարողները տուգանվեցին միեւնույն` 3 մլն դրամի չափով, սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «խոստացավ», որ իրավախախտումը կրկնելու դեպքում տուգանքը մի քանի անգամ ավելի կլինի: Տուգանքի չափն ընտրելիս հաշվի է առնվել այն փաստը, որ վարույթի ընթացքում իրավախախտումը վերացվել է:

Հանձնաժողովի այսօրվա նիստում տուգանված տնտեսվարողները բավական խեղճացած տեք ունեին: Նրանք ընդունեցին, որ խախտում են կատարել, սակայն դա պատճառաբանեցին իրենց աշխատակիցների ցածր պրոֆեսիոնալիզմով ու անփորձությամբ: Նշենք, որ այդ «անփորձության« արդյունքում տնտեսվարողները գերշահույթներ են ստացել, քանի որ կարագը 2-3 անգամ թանկ է սփրեդից: Օրինակ` եթե սփրեդը մաքսազերծվում է կգ-ը 1050-1250 դրամով, ապա միջին որակի կարագը` մոտ 2800 դրամով:

Նշենք, որ նախկին օրենսդրությամբ ՏՄՊՊՀ-ն նման խախտումների համար (տվյալ դեպքում` անբարեխիղճ մրցակցություն) իրավասու էր տուգանել ընդամենը 500 հազ. դրամով: Այդ պատճառով տնտեսվարողները որպես կանոն լուրջ չէին վերաբերում ՏՄՊՊՀ-ի վարույթներին ու տուգանքներին: Սակայն օրենսդրական վերջին փոփոխություններով` ՏՄՊՊՀ-ի լիազորություններն ընդլայնվել են, տուգանքի չափերը կարող են մի քանի տասնյակ միլիոն դրամների հասնել (անբարեխիղճ մրցակցության դեպքում տուգանքը կարող է հասնել նախորդ տարվա հասույթի մինչեւ 1 տոկոսին):

Իսկ եթե տնտեսվարողը չի վերացնում իրավախախտումը` ապա տուգանքը կազմում է 5 մլն դրամ` անկախ հասույթից: