«Մադրիդյան սկզբունքները, կարող են „դե յուրե“ հայկական կողմին օգտակար լինել, բայց փաստացի, „դե ֆակտո“, հիմնական դրական մեսիջներն ուղղված են դեպի Ադրբեջան, որովհետեւ Ադրբեջանն ստանում է կոնկրետ ու առարկայական առավելություններ, մինչդեռ Հայաստանը ստանում է իլյուզիոն ու անորոշ ինչ-որ բաներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հավելելով, որ այդ փաթեթի վտանգավոր տարրերից մեկն էլ այն է, որ այդտեղ մի էլեմենտից կարող է բխել այնպիսի բաներ, որի հետեւանքը կարող է լինել պատերազմը:

«Այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են շուտափույթ լուծման մասին, նրանք, ակամա, չուզենալով, փաստորեն կարող են դրդել շուտափույթ պատերազմի: Այսինքն, ԼՂ խնդիրը կամ կլուծվի արագ` պատերազմով, կամ երկար ժամանակ չի լուծվի: Եթե նման խնդիրներն արագ լուծվեին, աշխարհում ընդհանրապես կոնֆլիկտներ չէին լինի»,- հայտարարեց քաղաքագետը: Նրա խոսքով, գլխավորն այս հարցում ԼՂ կարգավիճակն է, որն, ըստ էության, լուծված չէ: «Տարածքների վերադարձի խնդիրը պետք է փոխարինել Ղարաբաղ-Ադրբեջան բանակցություններով, առանցքում ունենալով կարգավիճակի հարցը»,- նշեց նա, ընդգծելով, որ ինքը չի մեղադրում միջնորդներին, ովքեր փորձել են համատեղել կողմերի ցանկությունները: «Մեղավորը մենք ենք, որ արագացնում ենք պրոցեսը, որը կարող է բերել պատերազմի: Սրա սկիզբը ֆուտբոլային դիվանագիտությունն էր, որը մուլտիպլիկացիոն էֆեկտ տվեց»,- ասաց Ե. Բոզոյանը:

NEWS.am-ի հարցին, թե կիսո՞ւմ է ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, նա պատասխանեց, որ թեեւ նախորդ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը չի փոխվել, սակայն իր համար անընդունելի է, երբ փորձ է արվում արագացնել գործընթացները: «Ես կողմնակից եմ „ստատուս քվո“-ի պահպանմանը»,- ընդգծեց նա: